ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր ուսումնական տարվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին եւ կրթության ասպարեզի բոլոր գործիչներին:
«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ եւ կրթության ասպարեզի գործիչներ,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ շնորհավորում ենք ձեզ նոր ուսումնական տարվա առիթով եւ հղում ենք բոլորիդ Հայրապետական Մեր օրհնությունը: Մաղթում ենք, որ նոր ուսումնական տարին բեղուն ու արգասավոր լինի յուրաքանչյուրիդ համար: Ուսման ու կրթության մեջ ձեռքբերումները լավագույն հաղթանակներն են մեր երկրի ու ժողովրդի ճանապարհին դեպի բարգավաճ ու բարօր կյանք, դեպի մեր բոլոր իղձերի իրականացում:
Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Փրկիչ մեր Տերը պահպանի ձեզ քաջառողջ, զորացնի հոգու եւ մտքի բազում շնորհներով եւ օրհնի ուսանելու եւ ուսուցանելու ձեր անձնվեր ջանքերը, ձեր բոլոր նախաձեռնություններն ու բարի գործերը:
Թող սերն ու շնորհն Աստծո միշտ լինեն ձեզ հետ` առաջնորդող ու զորացնող: Ամեն»,- ասվում է Հայրապետական պատգամում: