Նորաօծ քահանաները ծառայության կոչվեցին Մայր Աթոռում եւ Հայ Եկեղեցու տարբեր թեմերում
Մայիսի 27-ին, ավարտելով քառասնօրյա պահեցողության շրջանը Մայր Աթոռում, 12 նորաօծ եկեղեցականներ իրենց անդրանիկ Պատարագը մատուցեցին Հայաստանի տարբեր եկեղեցիներում: Նրանք քահանայական ձեռնադրություն էին ստացել ապրիլի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ձեռամբ ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:
Պատարագից հետո նորընծաներին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայրական իր հորդորն ու պատգամը փոխանցելով եկեղեցականներին` ամուր հավատքով եւ անսակարկ նվիրումով իրենց ծառայությունը բերելու բարեպաշտ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն:
Հայրապետական տնօրինությամբ տասներկու եկեղեցականները ծառայության կոչվեցին Մայր Աթոռի տարբեր կառույցներում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում: Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, Տ. Արամ քհն. Միրզոյանը եւ Տ. Սիփան քհն. Գրիգորյանը նշանակվեցին Մայր Աթոռի տարբեր կառույցներում: Տ. Հովել քհն. Օհանյանը հովվական ծառայության կոչվեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմում, Տ. Առաքել քհն. Ամիրյանը` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմում, Տ. Մանուկ քհն. Զեյնալյանը եւ Տ. Արմաշ քհն. Պողոսյանը` Վիրահայոց թեմում, Տ. Եփրեմ քհն. Հարությունյանը` Արարատյան Հայրապետական թեմում, Տ. Սողոմոն քհն. Մինասյանը` Շիրակի թեմում, Տ. Ժիրայր քհն. Խաչատրյանը` Կոտայքի թեմում, Տ. Վիգեն քհն. Մանուկյանը` Արագածոտնի թեմում:
Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանը Նորին Սրբության տնօրինությամբ կմեկնի Հունաստան` շարունակելու իր ուսումնառությունը: