Նոր նշանակում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն: Մինչ այդ Հայր Սուրբը ծառայության էր կոչված Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմում` Սիդնեյի հոգեւոր հովվի եւ առաջնորդական Փոխանորդի հանգամանքով:

Տ. ՎԱՐԴԱՆ ԱԲԵՂԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

(ավազանի անունը` Արիստակես)

Ծնվել է 1979 թ. օգոստոսի 4-ին Երեւան քաղաքում:

1986-1996 թթ. սովորել է տեղի Նելսոն Ստեփանյանի անվան համար 71 ռուսական միջնակարգ դպրոցում:

1996-1997 թթ. ուսանել է Շիրակի թեմի Հոգեւոր Ընծայարանում եւ ստացել ընդհանուր միջնակարգ եւ ճեմարանական կրթություն:

1997-2002 թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում:

2001 թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2003 թ. փետրվարի 20-ին պաշտպանել է ավարտաճառ` «Հովհան Օձնեցու «Կանոնագիրք Հայոց» ժողովածուն եւ նրա հետագա խմբագրությունը» թեմայով:

Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանն ավարտելուց հետո ծառայել է Մայր Տաճարում Լուսարարապետի պաշտոնակատարի ծիսական գծով օգնական:

2003 թ. փետրվարի 27-ին` Ս. Վարդանանց տոնին, ձեռամբ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2005-2008 թթ. Հայրապետական տնօրինությամբ ծառայության է կոչվել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմ` Սիդնեյի հոգեւոր հովվի եւ առաջնորդական Փոխանորդի հանգամանքով: