Նոր հրատարակություններ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Արշակ Մադոյանի ՙԱմենեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին՚ գրքույկը և Արարատ քահանա Պողոսյանի պատրաստած ՙՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատենագիտությունը. ՙԷջմիածին՚ ամսագիր, 1970-2010՚ գիրքը:
Ամենաեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին՚ գրքույկն ամփոփում է 4-21-րդ դարերին վերաբերող ռազմահայրենասիրական մանրապատումներ, որոնք արտացոլում են հայ իրականության մեջ հայրենիք և Եկեղեցի հասկացությունների սերտ միությունը: Այստեղ բացահայտվում է հայի այն ըմբռնումը, որ եթե մեկը սուր է բարձրացնում իր կրոնի ու Եկեղեցու դեմ, ուստի վտանգված է նաև ազգը, հայրենիքը և մայրենի լեզուն, ինչպես նաև արտահայտված է հայի` իր սրբազան արժեքների համար թշնամու դեմ պայքարելու ոգեկան արիությունը: Գիրքը նվիրված է Հայոց բանակի 20-ամյա հոբելյանին:
Երկրորդ գիրքը պարունակում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերաբերող ՙԷջմիածին՚ ամսագրում առկա նյութերի` մասնավորապես նրա հովվական և հովվապետական այցելությունների, տարբեր եկեղեցիներում մատուցած Պատարագների, Մայր Աթոռ ժամանած զանազան հյուրերի, քաղաքական և մշակութային գործիչների հետ հանդիպումների, հայրապետական քարոզների, կոնդակների, ողջունագրերի, հեռագրերի, մահախոսականների, վճիռների, այլ եկեղեցիների հոգևոր պետերի հետ փոխանակած ողջույնի հեռագրերի ու գրությունների առանձին մատենագիտությունը:
Երկու գրքերն էլ տպագրվել են Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: