Նոր հրատարակություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել արժեքավոր երեք աշխատություն:
Վերահրատարակվել է 19-րդ դարի նշանավոր հեղինակ Ավետիս Պերպերյանի «Պատմություն Հայոց» աշխատությունը: Այն ընդգրկում է 1772-1860թ.թ. ժամանակահատվածի հայ ժողովրդի պատմության նշանակալից իրադարձությունները: Առավելապես քննարկման առարկա են դարձել արեւմտահայոց` մասնավորաբար պոլսահայության, ինչպես նաեւ Հայոց Եկեղեցու պատմության ամենատարբեր հարցեր: Աշխատությունը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: Սա գրքի երկրորդ հրատարակությունն է:
«Հին Կտակարանի գրքերի մեկնություններ» շարքից` աշխատասիրությամբ Հասմիկ Բադալյանի եւ Գեւորգ Տեր-Վարդանյանի, լույս է տեսել Գեւորգ Սկեւռացու (ԺԳ դ.) «Մեկնութիւն Մարգարեութեանն Եսայեայ» բնագիրը: Այն կազմված է Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Սարգիս Կունդի մեկնությունների հիման վրա: Սակայն հեղինակն առավելաբար օգտվել է Հովհան Ոսկեբերանի եւ Եփրեմ Ասորու նույնանուն մեկնություններից: Ոսկեբերանի նույնանուն մեկնության հունարեն բնագիրը մեզ չի հասել եւ Գեւորգ Սկեւռացու մեկնությունը մեծ նշանակություն ունի Ոսկեբերանի մեկնության բնագրի վերականգնման համար: Բնագիրը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
Հովակիմ վարդապետ Մանուկյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Հատընտիր Պաշտոնականք» փաստաթղթերի ծաղկաքաղ ժողովածուն, որը ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կոնդակների, ուղերձների, տարբեր առիթներով ունեցած ելույթների, բանախոսությունների եւ խոսքերի անթոլոգիան: Հրատարակվող փաստաթղթերը ընթերցողին ամբողջական պատկերացում են տալիս Հայ Եկեղեցու վերջին տասը տարիների պատմության մասին` նրանց ծանոթացնելով հովվական, ազգային հիմնարար խնդիրների, ինչպես նաեւ միջեկեղեցական հարաբերություններում Վեհափառ Հայրապետի սկզբունքներին եւ տեսակետներին: Այն նվիրված է Նորին Սրբության գահակալության 10-ամյա հոբելյանին: