Նոր հրատարակություն.Ս. Գրիգոր Տաթեւացի «Մեկնութիւն մարգարէութեանն Եսայեայ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հին Կտակարանի գրքերի մեկնությունններ» շարքից հրատարակել է Հայ Առաքելական Եկեղեցու եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացու «Մեկնութիւն մարգարէութեանն Եսայեայ» աշխատությունը: Մատենաշարի գլխավոր խմբագիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն է, իսկ նշյալ երկը հրատարակության է պատրաստել Հակոբ Քյոսեյանը: Գիրքը տպագրվել է Արմեն եւ Նունե Սարգսյանների մեկենասությամբ:
Ս. Գրիգոր Տաթեւացու վաստակը հանրագումար է հայ միջնադարյան մտքի տարբեր մարզերում ձեռք բերված նվաճումների: Նրա բազմաժանր ու բազմաբնույթ մատենագրության մեջ արձանագրված ու համկարգված է աստվածաբանական-դավանաբանական, իմաստասիրական, մեկնաբանական, քարոզխոսական մարզերում Հայ Եկեղեցու կուտակած դարավոր փորձառությունը: Տաթեւացու մեկնաբանական գրականությանը հատուկ է հանրագիտարանային ճոխությունը: Այս առանձնահատկությամբ աչքի են ընկնում Աստվածաշնչի նրա մեկնություններն ու լուծմունքները, որոնց մեջ ուշագրավ է ծավալով փոքր, սակայն բովանդակությամբ հարուստ Եսայու մարգարեության մեկնությունը:
Սույն հրատարակությունը մեծ օգտակարություն կարող է ներկայացնել ինչպես հայ մեկնողական գրականությամբ հետաքրքրվողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար: