Նոր հրատարակություն. ՙԿառուցեալ հաւատով՚
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը լույս է ընծայել Դավիթ Քերթմենճյանի ՙՀամադրական ուսումնասիրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառուցապատման Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին (1999-2011թթ.) աշխատությունը: ՙԿառուցյալ հավատով՚ ընդհանուր վերնագրի ներքո ուսումնասիրությունը հրատարակության է հանձնվել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից:
Գրքի սկզբում զետեղված է Գերագույն Հոգևոր Խորհրդի խոսքը հրատարակության առիթով, որտեղ ի մասնավորի նշվում է. ՙ...Անցած տասն և ավելի տարիների ընթացքում բազմափորձ, անհոգնաբեկ, լուսամիտ ու ազգանվեր Հայոց Հայրապետը դժվարությունների հաղթահարումով, իր կազմակերպչական տաղանդի, մեծ իմացականության և եռանդագին ջանքերի գործադրումով բեղուն արգասիքներ բերեց Մայր Աթոռի և Հայ Եկեղեցու հոգևոր-ազգային, կրթական, եկեղեցականաց նոր սերնդի պատրաստման և հոգևորականների ծառայության արդյունավորման, եկեղեցաշինական, դպրոցաշինական լայնահուն առաքելության մեջ, որի լիարժեք իրագործումը արգելվում էր խորհրդային իշխանության ավելի քան յոթանասուն տարիներին: Ամենայն Հայոց ազգընտիր Հովվապետը եռանդուն իր գործունեությամբ մեր եկեղեցական պատմության մեջ լուսավոր նոր դարագլուխ բացեց՚:
Գրքի առաջին մասում հեղինակն անդրադարձ է կատարում մինչև Վեհափառ Հայրապետի գահակալությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացված կառուցապատման գործերին:
Երկրորդ հատվածը ներկայացնում է Նորին Սրբության գահակալության շրջանում կատարված իրագործումները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց եկեղեցիները, ապա նորակառույց եկեղեցական, կրթական, վարչահասարակական, մշակութային շենքերը, պատմական կառույցների նորոգությունները, ինչպես նաև Մայր Աթոռի ճարտարապետական միջավայրի տարածական կազմակերպումն ու օժանդակ կառույցները:
Գրքի վերջին` երրորդ բաժնում ներկայացված են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և նշանավոր եկեղեցական կենտրոնների ու համալիրների զուգահեռները: