Նոր հրատարակություն. Սուրբ Մովսես Խորենացի «Աստվածաբանական երկեր»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայ Եկեղեցու հայրեր» մատենաշարի երրորդ գիրքը` Սուրբ Մովսես Խորենացու «Աստվածաբանական երկեր» ժողովածուն: Գրքի հրատարակությունն իրականացվել է տեր եւ տիկին Սարո Մարուքյանների եւ տեր եւ տիկին Րաֆֆի Մարուքյանների մեկենասությամբ: Խորենացու երկերն աշխարհաբարի է վերածել Գ. Գասպարյանը:
Ժողովածուն ընդգրկում է Պատմահոր աստվածաբանական մանր երկերը` Արծրունյաց Սահակ իշխանի նամակը Խորենացուն եւ այդ նամակի պատասխանը, Վարդավառի խորհրդի քննությունը, Հռիփսիմյանց կույսերի պատմությունը եւ նրանց հիշատակին ու նահատակությանը նվիրված ներբողյանը: Երկերը բովանդակում են ինչպես աստվածաբանական ու պատմագիտական, այնպես էլ ինքնակենսագրական հետաքրքիր ու արժեքավոր դրվագներ: