Նոր հրատարակություն. Սուրբ Մակար Մեծ «Խրատներ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հոգեւոր ընթերցումներ» մատենաշարի երկրորդ գիրքը` անապատական նշանավոր հայր սուրբ Մակար Մեծի խրատների ժողովածուն` թարգմանությամբ Ա. Ալեքսանյանի եւ խմբագրությամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի: Գրքի հրատարակությունն իրականացվել է «Լեւոն սարկավագ եւ Արաքսի Զենյան» հիմնադրամի մեկենասությամբ:
Սուրբ Մակար Եգիպտացին անապատականության հայր Անտոն Անապատականի վարդապետական շնորհի մերձավորագույն ժառանգորդն է եւ նրա զրույցներում երբեմն կարելի է նշմարել սուրբ Անտոնի խրատների բառացի վերարտադրումներ:
Գրքում տեղ են գտել սուրբ Մակարի զրույցները մարդու նախնական լուսավոր եւ այնուհետեւ անկում ապրած խավար վիճակների, Հիսուս Քրիստոսի փրկագործության, Տիրոջը հետեւելու վճռականության ու մաքառումների, Սուրբ Հոգու շնորհի ներգործության, երկրային կյանքում քրիստոնյայի հնարավոր կատարելության եւ հանդերձյալ կյանքի վերաբերյալ: Գիրքը մեծ արժեք է ներկայացնում քրիստոնեական բարոյական արժեքների եւ չափանիշների ուսուցման տեսանկյունից: