Նոր հրատարակություն. Ս. Հովհան Ոսկեբերանի ճառերը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ Հակոբ Քյոսեյանի աշխատասիրությամբ հրատարակել է Ընդհանրական Եկեղեցու Հայրերից` Ս. Հովհան Ոսկեբերան հայրապետի ճառերի եւ մեկնությունների հայերեն թարգմանությունների քննական բնագրերը` համաձայն Մաշտոցի անվան Մատենադարանի եւ Վիեննայի Մխիթարյան Մատենադարանի ձեռագրերի:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
Ներկա հատորը սկսվում է «Պատմութիւն Յաղագս ծննդեան եւ սննդեան եւ վարուց եւ վերափոխման սրբոյն Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպաւլսի եպիսկոպոսի» միավորով: Այն համառոտ տարբերակն է Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հորդորով 1101 թ. թարգմանված Ոսկեբերանի ընդարձակ վարքի: Այնուհետեւ հաջորդում են Հովհան Ոսկեբերանի` հայերեն թարգմանությամբ պահպանված զանազան ճառերն ու սուրգրային մեկնություններից նշխարները: