Նոր հրատարակություն. Ս. Գրիգոր Նյուսացի «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինն առաջին անգամ լույս է ընծայել Ընդհանրական Եկեղեցու Հայրերից` Ս. Գրիգոր Նյուսացու «Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն (Յաղագս կազմութեան մարդոյ)» աշխատությունը, որը հայերեն է թարգմանվել 717 թ. Կոստանդնուպոլսում Ստեփանոս Սյունեցու և Դավիթ Հյուպատոսի կողմից:
Հայերեն թարգմանության քննական բնագիրը` առաջաբանով և ծանոթագրություններով կազմել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստելլա Վարդանյանը: Ուսումնասիրության խմբագիրն է ՀՀ ԳԱ ակադեմիկոս Սեն Արևշատյանը: Աշխատանքը հրատարակության է երաշխավորված Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի կողմից:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ տեր և տիկին Արմեն և Նունե Սարգսյանների: Այն հասցեագրված է հելլենիստական և հայ մշակույթի պատմությամբ զբաղվող հայագետների, աստվածաբանների, փիլիսոփաների, բժիշկների, բնագետների, արվեստաբանների ու լեզվաբանների համար: