Նոր հրատարակություն. Շատոբրիան. «Քրիստոնեության հանճարը»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել ֆրանսիացի հռչակավոր գրող Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի «Քրիստոնեության հանճարը» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը թարգմանվել է ֆրանսերենից Պարգեւ Շահբազյանի կողմից եւ տպագրվել «Արմեն եւ Նունե Սարգսյաններ» հիմնադրամի մեկենասությամբ:
«Քրիստոնեության հանճարը» գրքի նպատակն է «
…ապացուցել, որ այն բոլոր կրոններից, որոնք երբեւէ գոյություն են ունեցել, քրիստոնեական կրոնը ամենաբանաստեղծականն է, ամենամարդկայինը, ամենանպաստավորն ու օգտակարը ազատությանը, արվեստներին եւ գրականությանը…:Չնայած աշխատության ջատագովական ոգուն` այստեղ տիրապետող է զգացմունքը, քանի որ Շատոբրիանն ավելի շուտ բանաստեղծ է, արվեստագետ ու հռետոր, քան բարոյագետ ու փիլիսոփա: Այն բովանդակում է քրիստոնեական վարդապետությունը եւ ընդգծում քրիստոնեական արժեքների մեծ կարեւորությունը հասարակության կյանքում: