Նոր հրատարակություն. «Յիշատակարան Սանահնոյ Վանից» գիրք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ «Հայ Եկեղեցու պատմության սկզբնաղբյուրներ» շարքից լույս է ընծայել «Յիշատակարան Սանահնոյ Վանից (Սանահնի Քէօթուկը)» գիրքը` աշխատասիրությամբ Պարույր Մուրադյանի: Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի:

Ժողովածուն ամփոփում է Սանահնի վանական կենտրոնին վերաբերող, նրա ներքին կյանքն ու արտաքին առնչությունները պարզաբանող այլազան նյութեր` հարստացված հավելվածային օժանդակ նյութերով: Առանձնակի կարեւորություն ունեն Հայաստանի ուշ միջնադարյան տնտեսական պատմությանը վերաբերող վավերագրերը` նվիրատվություններ, տնտեսական տարաբնույթ հարաբերություններ արտացոլող փաստաթղթեր, Հայաստանի հյուսիսային գավառների տեղանվանությանը վերաբերող վկայություններ, քաղաքական եւ մշակութային կյանքի անդրադարձներ:

Գիրքն այս կարգի ժողովածուներն ուսումնասիրելու եւ հրատարակելու առաջնեկն է, որ հասցեագրված է պատմաբաններին, բանասեր-լեզվաբաններին, միջնադարյան Հայաստանի վանական եւ տնտեսական կյանքով ու պատմությամբ հետաքրքրվող մասնագետներին: