Նոր հրատարակություն. «Մեկնութիւնք մարգարէութեանն Դանիէլի»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հին Կտակարանի գրքերի մեկնություններ» մատենաշարի հերթական գիրքը` Հայ Եկեղեցու նշանավոր հայրերից Վարդան Արեւելցու, Հովհաննես Ծործորեցու (Երզնկացի) եւ Թովմա Մեծոփեցու` Դանիելի մարգարեության մեկնությունները:

Գիրքը հրատարակվել է աշխատասիրությամբ Մարթա Արաբյանի, Գայանե Ներսիսյանի եւ Հակոբ Քյոսեյանի: Մատենաշարի գլխավոր խմբագիրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Գրքի հրատարակությունն իրականացվել է «Լեւոն սրկ. եւ Արաքսի Զենյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Հայ մեկնողական գրականության մեջ կոթողային նշանակություն ունեցող այս երկերը բացառիկ արժեք ունեն հավատացյալների հոգեւոր պահանջներին գոհացում տալու տեսակետից: