Նոր հրատարակություն. Հայոց «Վարք Սրբոց»-ի վրացական խմբագրությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայոց «Վարք սրբոցի»-ի վրացական խմբագրությունը» աշխատությունը: Հին վրացերենից թարգմանությունը եւ ուսումնասիրությունը կատարել է Պարույր Մուրադյանը: Աշխատանքը տպագրվել է տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների մեկենասությամբ:
Գրքում ամփոփված են վաղմիջնադարյան հայոց «Վարք սրբոցի» այն հուշարձանները, որոնք Է-Ը դարերում թարգմանվել են վրացերեն եւ ավանդված են Աթոսի Իվերոն վանքում պահպանված ԺԱ դարի առաջին կեսի նուսխուրի գրչության ձեռագրում:
Թարգմանաբար հրատարակվող հուշարձանները, բացի ինքնուրույն կարեւորությունից, առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում վաղմիջնադարյան պատմիչների, մանավանդ Մովսես Խորենացու, երկերի բնագրական քննության համար: