Նոր հրատարակություն. «Հայ Վանորայք»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել 19-րդ դարի վերջի եւ 20-ի սկզբների մտավորական հոգեւորական Տ. Տրդատ եպիսկոպոս Պալյանի «Հայ Վանորայք» աշխատությունը, որը հրատարակության է պատրաստել Կարինե Ավետյանը:
Գրքում զետեղված են նաեւ հայազգի հայտնի լուսանկարիչ Հրայր Բազեի մի քանի լուսանկարները: Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Արմեն եւ Նունե Սարգսյաններ» հիմնադրամի:
Տրդատ եպիսկոպոսը «Հայ վանորայք» հոդվածաշարի պատրաստությունը սկսել է 1883 թ. եւ շարունակել մինչեւ գրքի հրատարակության նախօրյակը: Վանքերի շատ նկարագրությունների համար ինքն անձամբ է շրջել եւ նյութեր հավաքել իր ուսումնասիրության համար: Ականատեսի այս նկարագրություններն այդ վանքերի` իր ժամանակի կացության եւ յուրահատկությունների արձանագրումն են, դրանով էլ ստույգ վավերագրի արժեք ունեն:
Սրբազան Հոր այս աշխատանքը Կեսարիայի եւ կեսարահայոց, Մալաթիայի, Եվդոկիայի հայոց պատմության առաջնակարգ եւ վավերական ակզբնաղբյուր եւ, միաժամանակ, ձեռագրական եւ վիմագրական աղբյուրների տվյալների վրա հիմնված համակողմանի ուսունասիրությունն է:
* * *
Հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու Հայրեր» շարքից արեւելահայերեն թարգմանությամբ տպագրել է Ս. Դավիթ Անհաղթի ներբողները եւ Մամբրե Վերծանողի ճառերը:
Գրաբարից թարգմանությունը կատարել է Մարթա Արաբյանը: Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: