Նոր հրատարակություն Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան «Երկերի ժողովածու»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի տասնամյակների մեծանուն աստվածաբան-հայագետ Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի «Երկերի ժողովածուն», որն ընդգրկում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Արարատ» ամսագրում 1894-1913թթ. Սրբազան Հոր հրատարակած ստեղծագործությունները: Դրանք դասակարգված եւ ներկայացված են ըստ թեմատիկ բովանդակության` քարոզներ, ուսումնասիրություններ, գրախոսութուններ եւ տեղեկատվություն:
Ժողովածուն կազմել է Լ. Թումանյանը, ներածությունը եւ ծանոթագրությունները` Ավագ Հարությունյանի: Այն հրատարակվել է «Արմեն եւ Նունե Սարգսյաններ» հիմնադրամի մեկենասությամբ:
Ժողովածուն առաջին անգամ ներկայացնում է ականավոր հոգեւորականի «Արարատ»-յան ժառանգությունը, որը հնարավորություն է ընձեռում ընթերցողին մեկ ամփոփ հատորում պատկերացում կազմել Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանի կրոնա-գիտական աշխարհայացքի մասին: