Նոր հրատարակություն. «Ամենայն Հայոց Կաթողիկոսներ» հանրագիտարան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու հանրագիտարան» շարքից հրատարակել է առաջին պրակը` նվիրված Ամենայն Հայոց Կաթողիկոսներին` սկսյալ Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետից մինչեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանրագիտարանում տեղեկատվության կարգով ներկայացված են նաեւ բոլոր աթոռակից Կաթողիկոսները, սակայն առանց նրանց գործունեության վերլուծության, բացառությամբ միայն այն դեպքերի, երբ աթոռակից Կաթողիկոսը, ընտրվելով Ամենայն Հայոց Կաթողիկոս, իր վրա է վերցրել Ընդհանրական Կաթողիկոսի գործառույթները: Հանրագիտարանը հրատարակության են պատրաստել Սաթենիկ Բաբայանը, Պետրոս Հովհաննիսյանը եւ Տ. Ղեւոնդ քահանա Մայիլյանը: Այն լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի մեկենասությամբ:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսներ» հանրագիտարանը, լինելով Հայոց Եկեղեցու պատմության յուրօրինակ արտահայտությունը, միաժամանակ հայոց պատմության համարժեք նկարագիրն է: Ի տարբերություն նախորդների` այս հանրագիտարանն առավել ամբողջական ու համապարփակ է ներկայացնում Հայոց Կաթողիկոսների գործունեությունը: Թարմացվել են նաեւ մատենագիտական ցանկերը: Ներկայացված Հայոց Հայրապետների վավերական պատկերները սկսվում են ԺԹ դարի սկզբներից եւ շարունակվում մինչեւ մեր օրերը: Գրքում օգտագործվել են ինչպես վավերական պատկերներ, այնպես էլ նախորդ դարերի մանրանկարներ:

Խմբագրական հանձնախումբը լիահույս է, որ հանրագիտարանի լույս ընծայումը կարեւոր նշանակություն կունենա Հայոց Եկեղեցու պատմության ուսունասիրության եւ քարոզչության տեսանկյունից` հարստացնելով Հայ Եկեղեցու վերաբերյալ ընթերցողի գիտելիքները: