Նոր եկեղեցու հիմնարկեք Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում

Նոր եկեղեցու հիմնարկեք  Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում 23.03.2012
Նոր եկեղեցու հիմնարկեք Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում

Մարտի 20-ին Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, կատարվեց Ս. Գևորգ եկեղեցու հիմնարկեքը:
Եկեղեցին կառուցվում է ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Նորայր Ասլանյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Մանուշակ Տիտանյանն է:
Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ Արցախի թեմի և Զինված ուժերի հոգևոր սպասավորները նախ գինով ու ջրով լվացին և ապա սրբալույս մյուռոնով օծեցին տասներկու առաքյալների ու չորս ավետարանիչների անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում: Եկեղեցու հիմքում տեղադրվեց նաև եկեղեցու շինարարության արձանագրությունը, որի վրա դրոշմվեցին ներկաների ստորագրությունները:



Հավարտ արարողության խոսված քարոզում Արցախի թեմի առաջնորդը կարևորեց այն սերտ համագործակցությունը, որ դարերի ընթացքում դրսևորել են հայ հոգևորականն ու հայ զինվորականը, և որի հերթական վկայություններից է նաև Ս. Գևորգ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը: Սրբազանը գոհունակությամբ նշեց, որ Արցախի թեմի հերթական եկեղեցին կարող է ծառայել ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլ նաև մոտակա զորամասերի զինվորյալ հայորդիների հոգևոր կարիքների բավարարմանը:
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի ռազմական խորհրդական, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Արցախի Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, զորամասի սպայական և զինվորական անձնակազմերը` հրամանատար Նորայր Ասլանյանի գլխավորությամբ, Մարտակերտի շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, Ներքին Հոռաթաղի բնակիչներ և ուխտավորներ: