Նշվեց Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձը
Նոյեբերի 4-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը:
Հավարտ Սբ. Պատարագի Մայր Աթոռի միաբանության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց Ներսես արքեպիսկոպոսը: Գերաշնորհ Սրբազանն անդրադարձավ Նորին Սրբության գահակալության ութ տարիների ընթացքում արձանագրած բազմաթիվ ձեռքբերումներին. «Ամեն տեղ նոր շինություններ բացվեցին, Մայր Աթոռն սկսեց բարգավաճել ու գեղեցկանալ, հիմնվեցին ու բացվեցին նորանոր եկեղեցիներ, հայորդյաց տներ ու կիրակնօրյա վարժարաններ` ի խնդիր մատաղ սերնդի դաստիարակության: Ավելի բարելավվեցին Եկեղեցու և պետության հարաբերությունները: Էկումենիկ միտքը մյուս եկեղեցիների, ինչպես նաև այլ կրոնների պետերի հետ հարաբերություններում նորանոր հաջողությունների է հասնում, որպեսզի Հայ Եկեղեցու նավը կարողանա խաղաղությամբ հասնել իր նավահանգստին»:
Այնուհետև Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառության ու անսասանության և Նորին Սրբության քաջառողջության ու կենաց արևշատության համար: