Նարեկ եպիսկոպոսն ուխտի պատարագ մատուցեց Մայր Տաճարում

Նարեկ եպիսկոպոսն ուխտի պատարագ մատուցեց Մայր Տաճարում 17.11.2014
Նարեկ եպիսկոպոսն ուխտի պատարագ մատուցեց Մայր Տաճարում


     
 Նոյեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` Իջման Ս. Սեղանի առջև, ընկալյալ ավանդության համաձայն, ուխտի Պատարագ մատուցեց նոյմեբերի 16-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացած` Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը:
     «Կյանքս կրկին վերանորոգվում է, կրկին հոգևոր վերածնունդ եմ ապրում և այս սուրբ Խորանի առաջ իմ ուխտն եմ նորոգում` Սուրբ Պատարագի մատուցմամբ` որպես նորաօծ եպիսկոպոս Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու` միաբան եղբայրներիս և հավատացյալների ներկայությամբ: Սուրբ Պատարագը նմանեցնում եմ Քրիստոսի պայծառակերպության կամ այլակերպության դեպքին, որտեղ մեր Տերը Թաբոր լեռան վրա պայծառակերպվեց: Այսօր մեզ համար Սուրբ Խորանն է այդ Թաբոր լեռը, որտեղ մեր հանդիպման պահն է ստեղծվում` մեզ հետ խոսելու և մեզ այլակերպելու: Իրոք, Աստծո կամքով և Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ պայծառակերպության պահեր ապրեցինք և աղոթքի ու Սուրբ Հոգու երևմամբ սրբազան Պատարագի ընթացքում ստացանք եպիկոպոսական այս սուրբ աստիճանը», - իր եպիսկոպոսական անդրանիկ քարոզ նշեց Սրբազանը:
     Իր խոսքում Բարզիլիայի հայոց թեմի առաջնորդ Սրբազանն ընդգծեց, որ վերադառնում է թեմ` մեծ խանդավառությամբ և վերանորոգված հոգով շարունակելու իր ծառայությունը, առավել աշխուժացնելու հոգևոր, մշակութային ու դաստիարակչական ծրագրերը: Այս առումով Նարեկ Սրբազանը կարևորեց նաև ժողովրդի մասնակցությունը եկեղեցական կյանքին. «…Եկեղեցին դուք եք, մեր ժողովուրդն է Եկեղեցին: Առանց մեր հավատացյալների չկա ո՛չ քահանայություն և ո՛չ էլ եպիսկոպոսություն: Սիրելի հավատացյալներ, աղոթող եղեք մեզ համար, սիրեցե՛ք ձեր Եկեղեցին և դարձրե՛ք այն որպես ձեր տունն ու բնակարանը, մոտեցե՛ք Աստծուն և ստացե՛ք Տիրոջ օրհնությունները: Հայ Եկեղեցին ունի դարավոր հոգևոր ժառանգություն, ունեցել է նշանավոր աղոթող հոգևոր հայրեր, որոնք մեր ժողովրդին մոտեցրել են Աստծուն: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մեկ անձ լինելով, մի ամբողջ ազգ քրիստոնյա դարձրեց: Ունեցանք այլ սրբեր, որոնք աղոթքի զորության շնորհիվ պայծառացրին մեր Եկեղեցին: Այսօր մեր ներկա սերունդները պիտի լինեն մեր Եկեղեցու ղեկավարները և իրենց շնորհիվ մեր Եկեղեցին պիտի պայծառանա` և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Անհոգությունը կործանման աղբյուր է: Ներկա սերունդը պետք է կերտի մեր ազգն ու Եկեղեցին: Մեր եկեղեցիները պետք է լցվեն աղոթող հավատացյալներով:
     …Սիրելիներ, եկեք և մաս կազմեք Քրիստոսի առաքելության, եթե ցանկանում եք արժևորել մեր հայրերի գործունեությունը, շարունակե՛ք նրանց նվիրական առաքելությունը: Մեր ժողովուրդը, մեր հավատացյալները պետք է ստանձնեն այս սրբազան պարտականությունը` պայծառացնելով մեր սուրբ եկեղեցիները: Առանց մեր հավատացյալների ո՛չ քահանան և ո՛չ էլ եպիսկոպոսը չեն կարող լիակատար ամբողջացնել իրենց վստահված նվիրական առաքելությունը»:
     Աղոթք բարձրացնելով Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համար` Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը մաղթեց, որ Հայ Եկեղեցու մեջ շարունակվի հոգևոր վերազարթոնքը` ի պայծառություն հայոց ազգի: