Նազար եւ Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսություն
Ապրիլի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան բացման հանդիսավոր արարողությունը եւ Դիվանատան կառուցման բարերարներ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների մեծարման հանդիսությունը:
Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանները եւ հանդիսության հրավիրյալները մուտք գործեցին Դիվանատան շենք, ուր կատարվեց Նորամուտի արարողություն, ապա Դիվանատան սրահում գեղարվեստական հայտագրով հանդես եկան Էջմիածնի Հայորդյաց տան սաները:
Հավարտ համերգի Հայակական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրեց Նազարյան ամուսիններին` նշելով, որ 400 տարվա պատմություն ունեցող Նազարյանների ընտանիքն այսօր էլ ի դեմս Նազար եւ Արտեմիս Նազարյանների շարունակում է ընտանեկան բարի ավանդույթը` իրենց բարեգործություններով զորակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Հայրենիքին եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներին:
Այնուհետեւ մեծարյալներին իր օրհնությունը եւ գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով Նազարյան ընտանիքի բարեգործ ոգուն եւ հայրենաշեն ձեռնարկներին: Նորին Սրբությունը նաեւ ընդգծեց նորակառույց Դիվանատան կարեւոր նշանակությանը Մայր Աթոռի աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում: «Ուրախ ենք, որ այդպիսի արժանավոր հայորդիներ ունենք, ովքեր գիտեն նվիրաբերել եւ ընծայաբերել Աստծուց իրենց պարգեւած բարիքներն ազգին, Հայրենիքին եւ Առաքելական Մայր Եկեղեցուն: Շնորհիվ այդպիսի զավակների է, որ շենանում, պայծառանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ ազգային մեր կյանքը», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց շենքը նախագծած ամերիկաբնակ ճարտարապետ Արմանդ Ավագյանին, «Հորիզոն 95» շինարարական կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանին եւ Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամներին:
Վերջում իրենց սրտի խոսքն ասացին Նազար եւ Արտեմիս Նազարյանները:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ Տ. Արսեն արք. Բերբերյանը, Տ. Եզնիկ արք. Պետրոսյանը, Տ. Փառեն եպս. Ավետիքյանը, Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, Տ. Արարատ եպս. Գալթագճյանը, ՀԲԸՄ վարչության անդամներ եւ բարերար հայորդիներ: