Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դամբանական խոսքը Երուսաղեմի Պատրիարք Տ. Թորգոմ Արք. Մանուկյանի հուղարկավորության առիթով

Դամբանական

     Հոկտեմբերի 21-ին և 22-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարք հոգելույս Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հուղարկավորության արարողություններին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հուղարկավորությանը Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դամբանական խոսքը, որը ներկայացվում է ստորև:


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՄԵՆԱՊԱՏԻՎ
Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

«Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»:
(Հայտն. Բ 10)


     Սգակիր հոգևոր եղբայրներ, բարեպաշտ ժողովուրդ,
     Այս տխուր օրը վշտալի սրտով աղոթք ենք բարձրացնում առ Աստված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հոգու հանգստության և խաղաղության համար:
«Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»: Մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական կյանքի բերկրալի խոստումն են բերում յուրաքանչյուր հավատացյալի, ով ապրում է խորին հավատքով ու Քրիստոսասեր ոգով`բարի ու արդար գործերով ծառայելով մարդկանց և իր ժողովրդին: Ի Տեր հանգուցյալ Թորգոմ Պատրիարքի ողջ կյանքն այդպիսի նվիրում ու անհոգնաբեկ սպասավորություն եղավ Բարձրյալն Աստծուն և հարազատ ժողովրդին: Հոգելույս Պատրիարքը մինչև մահ հավատարիմ մնաց իր կոչմանն ու առաքելությանը, Եկեղեցուն ու ազգին ամբողջանվեր ծառայության ուխտին, որով և Տիրոջ խոսքի համաձայն` պիտի ստանա կյանքի պսակը հավիտենական երանելի օթևաններում: Սիրելի հավատավոր զավակներ Մեր, այսօր, երբ տխուր են մեր սրտերը, ու սուգի մեջ ենք սիրելի Պատրիարքից բաժանումի այս ծանր պահին, հավատում ենք, որ իր հոգին ուրախությամբ սլանում է դեպի Փրկիչը մեր Հիսուս Քրիստոս և հավերժական կյանքի հանգրվանում Աստծո առջև պիտի ներկայանա առաքելական խոսքի վկայությամբ. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքը, պահեցի հավատը» (Բ Տիմ. Դ 7):
     Մեր հոգիներում այս պահին Պատրիարք Սրբազանի հետ կապված ջերմ հիշողություններն են և մեր մտահայացքի առջև` նրա կյանքի վաստակաբեռն ուղին: Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Ժառանգավորաց վարժարանի հոգևոր դարբնոցում է թրծվել ոգին բարեհիշատակ Պատրիարքի: Հոգելույս Թորգոմ Պատրիարքը երիտասարդ հասակում` քսանամյա տարիքում, Սուրբ Հակոբոս գլխադիր առաքյալի մասունքակիր տաճարում ծնրադիր ուխտադրությամբ ստանձնեց կուսակրոն հոգևորականի առաքելությունը ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Ավելի քան յոթը տասնամյակներ ազգասիրության ու հայրենասիրության ոգով նա արդյունազարդեց իր սպասավորությունը Երուսաղեմի Պատրիարքությունում, ապա որպես առաջնորդ Միացյալ Նահանգների Արևմտյան, այնուհետև Արևելյան թեմերում: Ընտրվելով Երուսաղեմի Հայոց Պատրիարք` լուսահոգի Թորգոմ Սրբազանը վերադարձավ իր հոգևոր ծննդավայրը, որտեղ տասնամյակներ շարունակ նախանձախնդրությամբ, իր խրոխտ ու վեհանձն ոգով ջանք ու եռանդ ներդրեց` ի շինություն Պատրիարքության և ի պահպանություն Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբությունների: «Ստուեր են կեանք մեր ի վերայ երկրի»,- ասում է Հոբ երանելին (Հոբ Ը 9)` նկատի ունենալով երկրավոր կյանքի անցողիկությունն ու կարճատևությունը հավերժության համեմատ: Թորգոմ Պատրիարքի առաքելությունը, սակայն, լույս եղավ մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքում և իր պայծառ հետագիծը թողեց մեր Եկեղեցու պատմության և հավատավոր հայորդյաց բարի հիշողությունների մեջ: Երուսաղեմ` Տերունակոխ վայրերին երկրպագության այցելող բազմաթիվ հայ ուխտավորներ Մայր Հայրենիքից և աշխարհի տարբեր երկրներից այստեղ մխիթարվում էին Պատրիարքի քաղցր ու օրհնաբեր խոսքով, զորանում հավատքով` բարի ընթացքով ու երկնահաճո գործերով զարդարելու իրենց աստվածաշնորհ կյանքի ուղին:
Այսօր փակվում է երկրավոր կյանքի մատյանը հանգուցյալ Թորգոմ Պատրիարքի, սակայն նա շարունակում է խոսել մեզ հետ իր գրքերի, բանաստեղծական ժողովածուների, մենագրությունների ու թարգմանությունների միջից, որոնցում ծրարել է իր հոգու խորին հավատքը, մտածումներն ու զգացումները` իր ընթերցողներին քաջալերելով բարու, արդարության ու ազնվության և ազգային սրբազան արժեքների հանդեպ աննվազ նվիրումի:
     Սիրելիներ, Սուրբ Հոգու մխիթարության շնորհները հայցելով մեզ ամենքիս` Մեր քաջալերանքի խոսքն ենք ուղղում Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության անդամներին, ովքեր նվիրյալ պահապաններն են այս Սուրբ Աթոռի և պաշտպանները Սուրբ տեղյաց մեր սրբությունների: Թող Բարձրյալն Աստված միշտ զորակից լինի ձեզ, որպեսզի վախճանյալ Պատրիարք Սրբազանի երկարամյա նախանձախնդիր ծառայության օրինակով հավելեք փառքն ու պարծանքը Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և երկնառաք օգնականությամբ պայծառ պահեք Սրբոց Հակոբյանց միաբանությունը` աղոթական ջանքեր բերելով համայն հայության հոգևոր շինության ու առաջընթաց կյանքի համար:
     Ի խորոց սրտի աղոթք ենք վերառաքում առ Ամենողորմն Աստված, որ երկնից լուսեղեն օթևաններում քաղցրությամբ ընդունի և աջակողմյան դասում` երանյալ սրբերի շարքում, հանգչեցնի հոգին վաստակաշատ ու հավատարիմ Իր ծառայի` Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, և Սուրբ Հոգու շնորհներով մխիթարություն պարգևի հավատավոր համայն մեր ժողովրդին: Լույս, աղոթք և օրհնություն մեր սիրելի Թորգոմ Պատրիարքի անմոռաց հիշատակին:
     «Յիշեսցէ Տէր զհոգի ծառային Իւրոյ և յանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. ամէն»:

Վշտակից սիրով և օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ