Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ բժիշկների
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ բժիշկների` ուղեկցությամբ Արա Բաբլոյանի: Նրանք Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում իրենց կամավոր աջակցություն են բերում Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի բժիշկների վերապատրաստմանը մայրաքաղաքի լավագույն կլինիկաներում:
Հանդիպման ընթացքում ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ծրագրի աշխատանքները: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց բժիշկներին եւ ՀՕՖ-ին` կարեւորելով նրանց բարեգործական առաքելությունը բժշկական ոլորտի զարգացման գործում: «Մեզ համար հաճելի է այստեղ` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, ողջունելու, մեր գնահատանքն ու օրհնությունը բերելու Հայաստանի տարբեր հաստատություններում բժշկության ոլորտում իրենց բարի ծառայությունը մատուցող մասնագետներին: Հուսով ենք, որ այս փորձի փոխանակումը դրական արդյունքներ պիտի ապահովի թե° բժիշկների վերազինման առումով, թե° մեր կարիքավոր զավակներին ավելի խնամյալ օգնություն ցուցաբելելու առումով», - նշեց Նորին Սրբությունը:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը պատասխանեց եկեղեցական կյանքին վերաբերող բժիշկների հարցերին: