Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Վատիկանի պետքարտուղար Նորին Սրբազնություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հանդիպման
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Վատիկանի պետքարտուղար Նորին Սրբազնություն կարդինալ Տարչիզիո Բերտոնեն խաղաղության սուրբ ողջույնով հանդիպեցին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում եւ աղոթք մատուցեցին Ամենակալ Աստծուն:
Պետքարտուղար կարդինալ Բերտոնեն Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Պապ Նորին Սրբություն Բենեդիկտ ԺԶ-ի ի Հիսուս Քրիստոս միության ջերմ ողջույնները եւ եղբայրական սերը: Կարդինալ Բերտոնեն Կաթողիկոսին փոխանցեց նաեւ Հռոմի պապի նամակը եւ հրավերը այցելելու Սբ. Պետրոսի Աթոռ:
Նորին Սրբությունն ու Նորին Սրբազնությունն իրենց գոհունակությունը հայտնեցին Աստծուն այս ջերմ հանդիպման համար (իբրեւ վկայություն Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների միջեւ կապերի շարունակ զարգացման)` ավելի լավ միմյանց ճանաչելու, գնահատելու միմյանց անզուգական հոգեւոր ժառանգությունը, սիրելու միմյանց` հաստատելով մարդկությանը ծառայելու իրենց կոչումը, ինչպես պահանջում է մեր Տեր Հիսուս Քրիստոս: Նրանք համաձայնեցին շարունակելու միջոցներ ձեռնարկել այս օրհնյալ ուղղություններով:
Կաթողիկոսն ու կարդինալը հայցեցին Աստծուն, որ Հայաստանի համար այս դժվարին օրերին խաղաղություն եւ համերաշխություն հաստատվի երկրում: Միասնաբար աղոթեցին զոհվածների հոգիների համար` հայցելով Տիրոջը պահել ու պահպանել հայ ժողովրդին եւ զորացնել հավատով, հույսով եւ սիրով:
Կարդինալը Կաթոլիկ եկեղեցու ամբողջական աջակցությունը հայտնեց Հայ եկեղեցուն` իր բարոյական բարձր հեղինակությամբ ջանքեր գործադրելու` լուծումներ ապահովելու բոլոր խնդիրներին` երկխոսության եւ խաղաղ միջոցների կիրառման խրախուսմամբ, եւ քաջալերելու պատասխանատվության համընդհանուր զգացումը, որպեսզի հայ ժողովրդի եւ պետության վարկը չխաթարվի միջազգային հանրության մեջ:
Նորին Սրբությունն ու Նորին Սրբազնությունը միասնաբար հայցեցին Բարձրյալին, որպեսզի պետական այրերը եւ քաղաքական գործիչները գիտակցեն, որ քաղաքականությունը եւս հոգեւոր կոչում է, որը պահանջում է ազնվություն, փոխադարձ հարգանք, սեր, հանդուրժողականություն եւ աղքատների ու խոցելի խմբերի իրավունքների պաշտպանություն: