Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
(Մայիսի 9, 2014թ.) 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Մայիսի 9-ի պանծալի հաղթանակների առիթով:
Մայիսի 9-ը, որ մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով, մարդկանց և ազգերի խաղաղ ու ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի և Հայրենիքի պաշտպանության նվիրական խորհուրդն ունի մեզ համար:
Աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակները Հայրենական մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում հերոսական մասնակցություն են ունեցել բռնության դեմ պայքարում և հաղթանակի ձեռքբերման գործում:
Հայրենասեր ու քաջարի նույն ոգով հայորդիք ազատագրեցին Շուշին` մեծ հաղթությամբ պսակելով արցախյան ազատամարտը: Լի ենք հավատով` Աստծու զորակցությամբ հաղթանակով պիտի պսակվի նաև արցախահայության ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքը:
Մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված, որ երկնային լուսեղեն հարկերում խաղաղություն շնորհի հանուն հայրենյաց նահատակված մեր ժողովրդի հերոս զավակների հոգիներին:
Հայցում ենք, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհի ներքո զորանան խաղաղության ուղիներն աշխարհում: Թող Տերը խաղաղ ու շեն պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի:


Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ