Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը շրջանավարտների օրհնության օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը շրջանավարտների օրհնության օրվա առիթով

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, տնօրինությանց, ուսուցիչներին ու դասախոսներին: Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ամբարած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի նոր հանգրվան: Դեպի ուր էլ առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, բանակում ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան եւ օգնական է ձեզ` իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու արդար իղձերը: Մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. «Ես սիրեցի ձեզ, Իմ սիրո մեջ հաստատո´ւն մնացեք» (Հովհ. 15.9): Մեր Տիրոջ այս կոչին ունկնդիր` ձեր սրտերում վառ պահեցեք հավատքը, աստվածսիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով եւ բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին: Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Ամենակարողն Աստված, որ օրհնի ձեր կյանքի ուղին եւ շնորհի երջանկություն ու ամենայն բարիք: Մեր բարձր գնահատանքն ենք բերում կրթության գործի բոլոր նվիրյալներին ու ծնողներին նոր սերունդ կրթելու ջանադրության, խնամքի ու հոգատարության համար եւ հայցում, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը եւ հավատքով ու հույսով զորացյալ` մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի: