Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական գիրը Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Մատաթիա Ա-ին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք ընտրվելու առիթով:
«Լիահույս ենք, որ Ձերդ Սրբության գահակալության շրջանում Եթովպիայի մեր քույր Եկեղեցին կշարունակի առաջընթաց արձանագրել իր Տիրավանդ առաքելության մեջ...:
Ուրախություն է մեզ համար հաստատել, որ պատմական են մեր երկու ժողովուրդների ու Եկեղեցիների կապերը, որոնք պսակվել են սիրո գործակցության բազում օրինակներով և ձեռքբերումներով, և որն այսօր էլ իր բարերար ազդեցությունն ունի մեր երկկողմ հարաբերություններում: Վստահ ենք, որ Ձերդ Սրբության գահակալության օրոք մեր Եկեղեցիների պատմական բարեկամությունը, որում նաև կարևոր դերակատարություն ունի Եթովպիայի հյուրընկալ երկրում ապրող փոքրաթիվ, բայց պատմական հայ համայնքը, կշարունակի զորանալ և գործակցության նոր արդյունքներ արձանագրել` ի խնդիր միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության, աշխարհում խաղաղության և կայունության հաստատման», - ասված է շնորհավորական ուղերձում:
Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով մաղթել է, որ Աստված պահի և պահպանի Եթովպիայի Թևահեդո Ուղղափառ Եկեղեցին և նորընտիր Պատրիարքին Իր Ամենազոր Աջի օրհնության ներքո` պարգևելով նրան քաջառողջ կյանքի երկար օրեր և Հովվապետական ծաղկյալ գավազան:
Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի գահակալության արարողությանը որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչներ կմասնակցեն Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: