Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական մաղթանք

Ն©Ս©Օ©Տ©Տ© ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
¥Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապրիլի 24, 2011 թ.¤


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

ՙԶի խնդրէք զկենդանին ընդ մեռեալս.
չէ աստ, այլ յարեաւ՚
(Ղուկ. ԻԴ 5-6):


Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայրենիս եւ ի Սփյուռս,

Քրիստոսի Հարության հրեշտակաբարբառ այս ավետիսը, որ հնչեց Տիրոջ թափուր գերեզմանի մոտ եւ խնդությամբ ու բերկրանքով համակեց առաջին քրիստոնյաներին, այսօր թեւածում է ամբողջ աշխարհում, Միածնաէջ այս Սուրբ Տաճարում, լուսազարդ մեր բոլոր եկեղեցիներում: Այսօր քրիստոնյա ողջ աշխարհը բազմալեզու աղոթքով փառաբանում է մարդկության համար խաչված ու մահվանից հարություն առած Որդուն Աստծո եւ օրհնաբանում մարդկանց պարգեւած Նրա անգերազանցելի շնորհը` լինելու ժառանգորդը երկնքի արքայության եւ աստվածտեսության խնդության մեջ ունենալու հավիտենական կյանք£

Քրիստոսի Հարությամբ խորտակվել են մահվան շղթաները, երկրի վրա սփռվել երկնային օրհնություններն ու հավիտենական պարգեւները, մարդկանց հոգիներում հաստատվել ոգեշնչումը, քաջալերությունն ու վստահությունը, որ Հարուցյալ Քրիստոս մարդկանց հետ է Իր անսահման սիրով, խնամքով ու ողորմությամբ, չարից, փորձություններից ու նեղություններից ազատելու զորությամբ£ Արդարեւ, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ պարտվում է մահը, եւ հորդում է կյանքը, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ հաղթանակն է կյանքի եւ խնդությունն ու երանությունը հավիտենության:

Հավատքը, որ հարուցյալ է Քրիստոս եւ Նրա հետ հարուցյալ են մարդն ու տիեզերքը, լուսավորել է ազգերի ու պետությունների ուղին, վերափոխել պատմության ընթացքները` համաձայն Աստծո փրկագործող կամքի եւ մշտնջենավոր խոսքի. ՙՈվ հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի՚ ¥Յովհ. ԺԱ 25¤£ Մեր ժողովրդի պատմությունը նույնպես վկայում է անխորտակ զորությունը Քրիստոսի հաղթական Հարության£ Այդ զորությամբ է մեր ժողովուրդը հառնել գողգոթայից Ցեղասպանության, որն իրագործվեց Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին£ Մեկ ու կես միլիոն հայորդի եղեռնահար չարչարվեց, Տիրոջ պես խաչվեց, բայց չուրացավ Քրիստոսին£ Հարուցյալ է Քրիստոս, հարուցյալ է ազգս հայոց, հարուցյալ է հայրենի իր պետականությամբ եւ աշխարհի բոլոր կողմերում վերազարթոնք ապրող հոգեւոր ու ազգային իր կյանքով. հարուցյալ է հավատով հանդեպ խաղաղ ու արդար, մարդասեր աշխարհը, որի հույսը պարգեւում է մեզ Փրկիչ մեր Տերը` ուսուցանելով. ՙամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է՚ ¥Մարկ. Թ 22¤, քանզի ՙինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարաւոր է՚ ¥Ղուկ. ԺԸ 27¤£

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր Տիրոջ սուրբ ու հրաշալի Հարության տոնը այս տարի համընկել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հետ£ Քրիստոսի Հարության խորհրդով եւ մեր ժողովրդի վերածնված կյանքի հույսերով` այս առավոտ Հայաստանի Հանրապետության Նախագահի, հայոց պետական ավագանու, օտարերկրյա դիվանագետների հետ այցելեցինք մեր նահատակներին Ծիծեռնակաբերդի բարձունքում եւ աղոթեցինք նրանց հոգիների խաղաղության ու հանգստության համար` մեր հոգում կրելով երախտագիտությունը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող ազգերի, պետությունների եւ Եկեղեցիների հանդեպ, երախտագիտությունը` մարդասեր բոլոր այն անհատների հանդեպ, ովքեր, հաճախ վտանգելով իրենց կյանքը, մահվան ճանկերից փրկեցին մեր ժողովրդի բազում զավակների£ Համայն մեր ժողովրդի հետ, որ այսօր աշխարհի չորս ծագերում իր խոնարհումն է բերում մեր անմեղ զոհերի հիշատակին, նորոգեցինք մեր ուխտը` աննահանջ պայքարով հետամուտ լինելու, որպեսզի համընդհանուր դատապարտություն գտնեն Հայոց Ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործված բոլոր եղեռնագործությունները£ Այս պահին քրիստոսահաստատ Մայր Տաճարում զատկական Սուրբ Պատարագի մատուցմամբ քաջալեր են մեր հոգիները եւ լի հավատով, որ Հարուցյալ Փրկչի շնորհները բնակություն պիտի հաստատեն մարդկանց սրտերում, լուսավորեն հոգիները, հրաշագործեն կյանքում, որպեսզի զորանան աշխարհը բարեփոխելու մարդասիրական ջանքերն ու ուղիները:

Մեր նահատակների անմար հիշատակի առջեւ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, պարտք ունենք առավել զորանալու մեր պարտականությունների, ծառայության ու առաքելության մեջ, պարտք ունենք` իրագործելու նրանց իղձերն ու տեսիլքները: Մեր հայրերը երազում էին Հայրենիքի ազատ եզերքներում հայ ժողովրդի ապահովությունն ու բարօրությունը, հայ կյանքի միասնականությունը եւ ազգային նվիրական արժեքների վրա խարսխված առաջընթացը: Արդ, այսօր, երբ ունենք ազատ Հայրենիք, կորով ու եռանդ ներդնենք մեր նախնյաց փափագի մարմնավորման` մեր 20-ամյա երիտասարդ պետության հզորացման, մեր ժողովրդի բարգավաճ կյանքի, պայծառ ու լուսավոր գալիքի կերտման, ազատ ապրելու մեր իրավունքի պաշտպանության, մեր արդար դատի հաղթանակի համար: Միջազգային ասպարեզներում արդարության համար մեր պայքարը եւ Հայրենիքում ու Սփյուռքում շեն ու բարօր կյանքի համար մեր ջանքերը, սակայն, հաղթական չեն լինի, եթե մեր կյանքում, յուրաքանչյուրիս հոգում զորեղ չլինեն արդարությունն ու ճշմարտությունը: Արդարությունն ու ճշմարտությունը բարի արգասավորություն կունենան, երբ մեր կյանքում աննվազ լինեն եւ առաջնորդող` միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, մեղքն ու չարիքը մերժելու վճռականությունը, բարոյական արժեքների հանդեպ նախանձախնդրությունը:

Արդարության տկարացումը խարխլում է հիմքերը աստվածաստեղծ աշխարհի, խաթարում է կյանքի բնականոն, խաղաղ ընթացքը: Հոգեմտավոր զարգացման մեծ ճանապարհ անցած մարդկության ձեռքբերումների, սխրանքների ու նվաճումների կողքին տակավին տեսնում ենք նաեւ անտեսված իրավունք, կարիք, թշնամանք, տնտեսական ճգնաժամ ու պատերազմներ£ Միջազգային ասպարեզում դեռեւս վիճարկվում է ժողովուրդների ազատ ապրելու աստվածապարգեւ իրավունքը: Այս իրողությանն ականատես ենք ի դեմս տարբեր երկրներում ընթացող հակամարտությունների եւ ազգային մեր անդաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ձգձգվող գործընթացի£ Ազգերի ազատ ապրելու իրավունքը ոչ միայն արժանապատվություն է մարդկային հասարակության համար, այլեւ` երաշխիք խաղաղ աշխարհի£ Մենք հավատում ենք, որ նոր սկսված դարում պիտի հաղթանակի մերժողականությունը բռնության, իրավունքի ոտնահարման հանդեպ, եւ դրանց հակառակ` պիտի արգասավորվի մարդասիրական արժեքների հաստատումը` հնարավոր դարձնելով ամենուր արդարության եւ խաղաղության իրագործումը£ ՙԱրդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը Նրա՚ (Սաղմ. Ժ 8):

Քրիստոսի Հարության հրաշափառ տոնն այսօր հրավեր է ամենքիս, մեզ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, եւ աշխարհի բոլոր քրիստոնյաներին` հարուցյալ հոգով ապրելու եւ գործելու, որ հաստատվի ՙերկրի վրայ խաղաղութիւն եւ հաճութիւն` մարդկանց մէջ՚ ¥Ղուկ. Բ 14¤£ Հաստատուն մնանք Հարուցյալ Տիրոջ պարգեւած շնորհների մեջ, անդադրում հոգանք մեր ազգի, Մայր Հայրենիքի ու մեր Սուրբ Եկեղեցու համար, հոգանք, որ ի սփյուռս աշխարհի հավատքով զորանան հայ ընտանիքները, աճեն ու բազմանան` լրացնելով մեր ժողովրդի կորուստները, եւ մեր զավակները` սիրով առ Հայրենիքն ու Մայր Եկեղեցին, դառնան ուժն ու զորությունը մեր ազատ նոր կյանքի, մեր նոր վերազարթոնքի£

Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսով եւ եղբայրական սիրով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, մեր Քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգեւոր Պետերին£

Երկնային շնորհների հայցով ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին` առաջին տիկնոջ հետ, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ողջ ավագանուն` մաղթելով Աստծո զորակցությունը եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը` արգասավորելու իրենց ծառայությունը Հայրենիքին ու մեր ժողովրդին նոր իրագործումներով ու ձեռքբերումներով£

Ամենայն բարյաց մաղթանքով ողջունում ենք Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին եւ հայցում Աստծո օրհնությունն իրենց կյանքին եւ ջանքերին` հանուն մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության, հանուն խաղաղ ու բարօր աշխարհի£

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում մեր Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին եւ համայն մեր ժողովրդին` ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս£

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, զատկական այս նվիրական օրը, երբ ոգեկոչում ենք հիշատակը բյուրավոր մեր նահատակների, աղոթենք նաեւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հոգիների համար£ Աղոթենք Ճապոնիայում երկրաշարժից զոհվածների համար, հազարավոր մարդկանց համար, ովքեր աշխարհի տարբեր կողմերում կրում են ծանր հետեւանքները բնական աղետների եւ պատերազմական ավերների£ Հայցենք միասնաբար, որ Հարուցյալ Տերը անխռով պահպանի աշխարհը Իր անբավ ողորմության մեջ եւ պարգեւի մարդկանց կամքն ու իմաստությունը` հաղթահարելու փորձություններն ու դժվարությունները կյանքի, գտնելու հիմնախնդիրների կարգավորման ուղիները£ Աղոթենք եւ հայցենք նաեւ, որ երկնավոր մեր Տերը Իր օրհնության, սիրո ու շնորհների մեջ պահի մեր Հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին` այսօր եւ միշտ եւ հավիտյանս. ամեն£ 

Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի£