Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական մաղթանք
Ն© Ս© Օ© Տ© Տ© ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ
(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2010 թ., ապրիլի 4)
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Հաւատի բարի մարտը մղիր եւ պինդ կառչիր
յաւիտենական կեանքից, որին կանչուեցիր»
(Ա Տիմ. Զ 12)
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Քրիստոսի սուրբ եւ հրաշափառ Յարութեան տօնը վերստին խնդութիւն եւ ուրախութիւն է բերել մեր սրտերին, ցնծութիւն` բոլոր քրիստոնեաներին, ովքեր Տիրոջ փրկագործութեամբ կանչուած են յաւիտենական կեանքի: Այսօր օրհնաբանում ենք յարուցեալ Փրկչին եւ յուսավառ հոգով ընդունում կեանքի յաղթանակի եւ մարդկութեան փրկութեան աւետիսը:
Կեանքի յաղթանակը մահուան դէմ հնարաւոր դարձաւ Աստուծոյ մարդասիրութեամբ, Աստուծոյ Որդու` մարդկութեան Փրկչի յանձն առած չարչարանքներով, խաչելութեամբ եւ յարութեամբ: Պիղատոսի անիրաւ դատի ընթացքում ամբոխը Քրիստոսի փոխարէն նախընտրեց աւազակ Բարաբբային` խաչելութեան մատնելով Աստուածորդուն: Անմեղի փոխարէն ընտրուեց մեղաւորը, արդարի փոխարէն` չարագործը, որովհետեւ իրենց գործերը չար էին, որովհետեւ ով չարիք է գործում, ատում է լոյսը (հմմտ.` Յովհ. Գ 19-20): Խաչի մոտ Քրիստոսին հաւատացողներն ու հետեւորդները ողբում էին, մինչ շատերը ծաղրում էին Նրան` ասելով «եթէ Աստծու Որդի ես, իջիր այդ խաչից... եւ... կհաւատանք» (Մտթ. ԻԷ 40-42): Խաչից չիջաւ երկնային Հօր ծոցից աշխարհ եկած, մարդացած ու մահկանացու դարձած Բարերար մեր Տէրը, այլ գերեզմանից յարութիւն առաւ, որպէսզի նորոգի մարդկային բնութիւնը եւ պարգեւի յաւիտենական կեանքի շնորհը: Ահա բաց են յաւիտենութեան դռները, եւ կանչուած ենք ժառանգորդը լինելու երկնքի արքայութեան` Աստուծոյ մշտագոյ ներկայութիւնը ունենալու ուրախութեանն ու երանութեանը: Առանց երկիւղելու գնանք Նրա մոտ, ով Տէրն է կեանքի եւ գթառատ է ու սիրով լի: Մեղքերով բեռնաւորուած աշխարհը Նա կարող է նորոգել միայն մէկ խօսքով` տեսնելով զղջումը, վերափոխուելու ցանկութիւնն ու ջանքը մարդկային հոգիների: Նա գիտի մարդկանց սրտերը, նրանց խորհուրդները, գիտի բոլոր գործերի նպատակներն ու պիտի շնորհի իւրաքանչիւրին առ Աստուած ունեցած հաւատի եւ յոյսի համեմատ: Այս վստահութեամբ է յարուցեալ Փրկչին տեսած առաքեալը հորդորում Յիսուս Քրիստոսով կառչած մնալ յաւիտենական կեանքի յոյսին եւ հաստատուն ու անզիջում մղել հաւատի բարի մարտը:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աւետարանական խօսքի համաձայն` հաւատացեալներիս համար կեանքը այս աշխարհում հոգեւոր պատերազմ է, եւ իւրաքանչիւր քայլափոխին, ամեն մտածումի ու խօսքի մէջ անհրաժեշտ է, որ ընտրենք ճշմարիտն ու բարին, արդար գտնուենք միմեանց ու Աստուծոյ առջեւ, որ կեանքում միշտ փայլի տիրաւանդ սէրը: Հաւատի մարտում չկայ երկընտրանք, չկայ զիջում, քանզի այն պատերազմ է սատանայի դէմ, որ կամենում է մարդկանց կործանումն ու մահը: Սատանան թուացեալ յաղթանակեց, երբ Քրիստոս խաչուեց ու գերեզման դրուեց: Տիրոջ սքանչելի, անճառելի յարութեամբ, սակայն, կործանուեցին չարը եւ չարի իշխանութիւնը, քանզի Աստուծոյ կամքը մարդկանց փրկութիւնն է` շնորհուած Քրիստոսի յարութեամբ:
Քրիստոս յարուցեալ կեանքի ճանապարհն է, Քրիստոսով զօրութիւնն ունենք նորոգուելու եւ կեանքը բարեփոխելու: Ինչպէս Քրիստոսի երկրային կեանքը բարիք էր մարդկութեան համար, այդպիսին պիտի լինի Նրան հաւատացողի կեանքը, քանզի հաւատի ուղին այն առանձնայատուկ սխրանքն է, որով մարդիկ հրաւիրուած են աներկմտօրէն լինելու Աստուծոյ փրկարար կամքի իրականացնողները երկրի վրա, լինելու Քրիստոսի բուրմունքը Աստուծոյ առջեւ (հմմտ.` Բ Կորնթ. Բ 15):
Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ, Քրիստոսի յարութիւնից մինչ այսօր, շուրջ երկու հազար տարի մարդկութիւնն անցել է հասարակական, տնտեսական, գիտատեխնիկական զարգացման տարբեր հանգրուաններով, բայց արձանագրած բոլոր ձեռքբերումներով հանդերձ` բազմիցս թերացել է հաւատի բարի մարտը մղելու: Այսօր էլ յաճախ այս կեանքի բարիքները, ժամանակաւորը առաջնային են համարուում յաւիտենականից, այսօր էլ աշխարհը զերծ չէ պատերազմներից, աղքատութիւնից, անհաշտութիւններից` հասարակութեան մէջ, ընտանիքներում, միջանձնական յարաբերութիւններում: Եւ ճշմարտապէս, չի լինի երբէք խաղաղութիւն, անխափան բարգաւաճում եւ խնդութիւն այնտեղ, որտեղ չի մղուում հաւատի բարի մարտը, որտեղ Քրիստոսի փոխարէն նախընտրում են Բարաբբային:
Մեր ժողովուրդը Քրիստոսին է ընդունել որպէս իր Տիրոջ ու Փրկչի եւ Նրան ապաւինած` դարերի մէջ բազում փորձութիւններ է յաղթահարել եւ իր համար փորուած գերեզմաններից հաւատքով յառնել: Քրիստոսի յարութեան խորհուրդը այսօր փառքով բարձրանում ու շողարձակում է հայ կեանքում, քանզի Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցը յիշատակում ենք ինքնիշխան հայոց պետականութեան եւ վերազարթօնք ապրող Սփիւռքի իրականութեամբ: Այո, 20-րդ դարը մեր ժողովրդի ողբերգութեան, բայց նաեւ վերածննդի դարը եղաւ: Ցեղասպանութեան գողգոթայից անցնելով, Սփիւռքում եւ Հայրենիքում անհուն զրկանքներ ու զոհողութիւններ յաղթահարած մեր ժողովուրդը վերընձիւղեց իր նոր կեանքը, շարունակեց ստեղծել եւ մնայուն ձեռքբերումներով այսօր քայլում է ժամանակին համընթաց: Քրիստոսին ապաւինած` մեր ժողովուրդը եղաւ հաւատարիմ խաղաղ ու բարօր աշխարհի յոյսին եւ հաւատաց ազատութեան ու արդարութեան յաղթանակին: Այս տեսիլքով ու վստահութեամբ պիտի շարունակենք պաշտպանել մեր արդար դատը, որն այսօր արձագանք է գտնում աշխարհի շատ ժողովուրդների սրտերում` թէեւ դեռեւս համընդհանուր ճանաչում չի գտել Հայոց Ցեղասպանութիւնը: Պիտի շարունակենք մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ նրա քաջարի ժողովրդի ազատ ապրելու աստուածաշնորհ իրաւունքի եւ մեր երկիրը շրջափակումից դուրս բերելու համար:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց.
Այսօր էլ անհրաժեշտ է հաւատի բարի մարտը մղել, որպէսզի մեր կեանքում հաստատուն լինեն աստուածպաշտութիւնը, սէրն ու համերաշխութիւնը, մնայուն` բարօրութիւնը, արդիւնաւոր` գործերը` յանուն մեր ներկայի եւ գալիքի: Այսօր մեր պատմութեան կարեւոր այն հանգրուանն ենք ապրում, երբ վերակերտուում ու բարձրանում է պետական եւ ազգային մեր կեանքը Հայրենիքում եւ Սփիւռքում, երբ ներկայացել են հնարաւորութիւնները մեր իղձերը մարմնաւորելու, յաղթանակի առաջնորդելու հայրենի երկրի զօրացմանը, ազգային նպատակների իրագործմանն ու մեր ժողովրդի առաջընթացին ուղղուած ջանքերը: Իւրաքանչիւր ոք իր ծառայութեան վայրում, իր գործունէութեան մէջ պիտի ընթանայ Աստուծոյ փրկարար կամքով եւ հայրենեաց սիրոյ աստուածահաճոյ ճանապարհով, որ բարի արգասիքներ է բերում մեր կեանքին եւ մեզ սիրելի դարձնում Տիրոջը, քանզի ինչպէս յարուցեալ Քրիստոսին առաքեալը ճանաչեց ողջ մարդկութեան համար կրած չարչարանքների նշաններով, նոյնպէս Քրիստոս ճանաչում է մեզ` Իր հետեւորդներին, հաւատքի վկայութիւններով, հրաժարումով այն ամենից, ինչ հակառակ է աստուածային կամքին` բարուն, արդարութեանն ու ճշմարտութեանը:
Սիրելիներ, իւրաքանչիւրիս համար է հնչում առաքեալի խօսքը. «Հաւատի բարի մարտը մղիր եւ պինդ կառչիր հաւիտենական կեանքից, որին կանչուեցիր»: Հաւատարիմ մնանք մեր բարեպաշտ հայրերի քրիստոնէական սուրբ եւ արդար կեանքի ընտրութեանը: Ընտանիքում, անձնական յարաբերութիւններում եւ թէ ազգային կեանքին մեր մասնակցութեան մէջ պայծառ պահենք հաւատքի լուսաւոր ջահը եւ, ինչպէս հորդորում են առաքեալները, «պահենք մենք մեզ Աստծու սիրով` սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար» (Յուդա Ա 21)` նմանուելով «նրանց, որ հաւատով եւ համբերութեամբ ժառանգեցին խոստումները» (Եբր. Զ 12):
Քրիստոսի սուրբ Յարութեան տօնի ուրախութեամբ Մեր բարեմաղթանքներն ենք յղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեանին եւ մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգեւոր դասին:
Ի Քրիստոս սիրով ողջունում ենք Քոյր Եկեղեցիների հոգեւոր Պետերին` հայցելով, որ Տէրը Իր ամենառատ շնորհները պարգեւի իրենց բանաւոր հօտին:
Տիրոջ սուրբ Յարութեան աւետիսով ողջունում ենք Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Տիար Սերժ Սարգսեանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Տիար Բակօ Սահակեանին, հայոց պետական ողջ աւագանուն, հայցելով Բարձրեալի օրհնութիւնը իրենց կեանքին եւ ջանքերին` յանուն հայրենի մեր երկրի եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդի բարօրութեան:
Մեր ողջոյնն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հաւատարմագրուած դիւանագիտական առաքելութիւնների ղեկաւարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով, որ Տիրոջ օրհնութեամբ արգասաբեր լինի իրենց գործունէութիւնը ի նպաստ խաղաղ աշխարհի, ժողովուրդների բարեկամութեան եւ համագործակցութեան:
Զատկական այս ողջունաբեր օրը յարուցեալ մեր Փրկչի Իջման Սուրբ Սեղանի առջեւ աղօթք ենք բարձրացնում, որ Աստուած առատ բարիքներով բարգաւաճում ու ծաղկունք շնորհի հայոց աշխարհին, խաղաղութեան ու բարօրութեան մէջ պահպանի Իր փոքրիկ հօտը` ազգս հայոց: Հայցում ենք, որ Տէրը մեր ժողովրդին պահի միաբան մեր սուրբ հաւատքով, նոր ուժ եւ զօրութիւն տայ մեր արդար իղձերի իրականացման համար:
Թող յարուցեալ Քրիստոսի շնորհները սփռուեն համայն աշխարհում, որպէսզի բարեկամութեան ու եղբայրութեան մէջ բոլոր ազգերը յոյսով ու հաւատով կերտեն մարդկութեան երազած կեանքը` լի սիրով, համերաշխութեամբ եւ անվրդով խաղաղութեամբ այսօր եւ յաւիտեանս, ամէն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի