Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման շնորհազարդ տոնի առիթով եւ շնորհավորում կանանց ու մայրերին` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ:

Փրկչի Մարդացման մասին Սուրբ Աստվածածնին տրված հրեշտակաձայն Ավետիսը աշխարհի փրկության աստվածային խոստումի բարի լուրն էր` վկայությունը մարդու նկատմամբ Բարձրյալի անսահման սիրո ու հոգածության:

Մեր մաղթանքն է, որպեսզի կենսապարգեւ այս տոնի խորհուրդով Աստվածամոր լուսավոր կերպարը այսօր եւ միշտ ոգեշնչի եւ առաջնորդի կանանց` ապրելու առ Աստված հավատքով, ծառայելու իրենց ընտանիքների բարօրությանն ու ամրությանը, մայրական հոգածությամբ դաստիարակելու արժանավոր զավակներ մեր Հայրենիքի եւ մեր Սուրբ Եկեղեցու համար:

Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Միածին Որդին մայրության շնորհով զարդարի բոլոր կանանց եւ խաղաղության ու բարօրության մեջ պահպանի մեր մայրերին ու քույրերին` միշտ խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ` օրհնված առաքինություններով: