Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Հանրապետության Տոնի առիթով, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության հռչակման 90-ամյա տարեդարձը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ Հայրապետական Մեր օրհնությունը բերում սիրեցյալ մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս:

Հայոց պետականության վերականգնումը 1918թ. մայիսյան հերոսամարտերի օրերին իրադարձություն էր մեր ժողովրդի համար, փրկված Հայրենիք, որին դժվարին ժամանակում ազգս հայոց նվիրաբերեց իր բոլոր ուժերը, սկզբնավորելով իր ազգային-պետական կյանքը: Այդ օրերի հիշատակներն ու ձեռքբերումները ոգեշնչում եւ քաջալերում են մեզ մեր հայրենանվիրումի, մեր եկեղեցասիրության մեջ` որդիական նույն սիրով ծառայելու մեր Հայրենիքին, մեր ժողովրդի լուսավոր գալիքին:

Հայցում ենք Բարձրյալից, որ խաղաղ պահպանի մեր Հայրենիքը, եւ օրհնի մեր ժողովրդի ազնիվ ջանքն ու նվիրումը` հանուն Հայաստանի եւ Արցախի բարգավաճման եւ աշխարհասփյուռ մեր զավակների բարօր ու երջանիկ կյանքի եւ արդար հույսերի մարմնավորման:

Թող շնորհն ու խաղաղությունն Աստծո լինեն մեզ հետ եւ բոլորի, այսօր եւ միշտ` ամեն: