Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
(31 դեկտեմբերի, 2009 թ.)

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ

Ողջունում եւ օրհնություն ենք բերում ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Բարի սպասումներով ենք դիմավորում Տիրոջ 2010 թվականը: Րոպեներ անց հնչելու են տարեմուտի ղողանջները, իսկ հինգ օրից մեր հոգիները զորանալու են մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով, հրեշտակների` «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգությամբ: Երկնաձայն այս մաղթանքով սկիզբ կառնի եւ կառաջնորդվի նոր տարին մեր եւ քրիստոնյա բոլոր ժողովուրդների կյանքում:

Սիրելիներ, ամեն նոր տարի, յուրաքանչյուրիս մտքում եւ հոգու մեջ ընկալվում է իբրեւ սկիզբ: Սկիզբը հույս է` նորը ստեղծելու, մեր մտածումները, մեր ձգտումները մարմնավորելու, մեր կյանքի ընթացքը բարեփոխելու:

Այսօր մեզ համար քաջալերություն են ձեռքբերումները, որ ունեցանք նախորդ տարի հոգեւոր եւ ազգային մեր կյանքում: Գոհություն Բարձրյալին, խաղաղության մեջ մեր եկեղեցիներից պաշտամունք եւ աղոթք բարձրացրեցինք Տիրոջը, առիթներ ունեցանք ուրախանալու մեր սրբատեղիների նորոգության եւ կառուցման ընթացքներով, մեր ժողովրդի հոգեւոր կրթության հաջողություններով, հոգեւորականների ձեռնադրություններով: Լավատեսությամբ համակվեցինք Հայրենի մեր պետության իրագործած ծրագրերով եւ ձեռնարկվող բարեփոխումներով, Հայրենիքում ու Սփյուռքում ազգային մեր կյանքի արգասիքներով, որոնցով շենանում եւ բարենորոգվում է մեր ներկան եւ բարի հույսով գծագրվում գալիքը մեր ժողովրդի:

Հուսառատ ենք, որ նոր տարվա մեջ, հակառակ տնտեսական ճգնաժամի առաջ բերած դժվարությունների, նոր առաջընթաց պիտի ապրի մեր Հայրենիքը եւ մեր ողջ ժողովրդի կյանքը Սփյուռքում: Բարօր եւ բարգավաճ կյանքի կառուցման, ինչպես եւ ազգային իղձերի իրագործման համար անհրաժեշտ է մեր ջանքերի միավորումը, առ հայրենին անմնացորդ սերն ու նվիրումը: Ազգ ու պետություն համախմբված` ջանքեր պիտի գործադրենք հաղթանակի առաջնորդելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցի խաղաղ կարգավորումը` Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչումով: Մեր պատմության եւ սերունդների առջեւ պատասխանատվությամբ ջանքեր պիտի գործադրենք նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Խաղաղությունն ու համագործակցությունը եղել ու մնում են սկզբունքային արժեքներ մեր ժողովրդի համար, որոնց ուղղությամբ քայլեր ձեռնարկելով` հաստատուն պիտի մնանք մեր իրավունքների պաշտպանության դիրքերում: Մեր գերագույն նպատակը Հայրենիքի եւ մեր Եկեղեցու, հոգեւոր եւ ազգային մեր կյանքի, մեր հավատքի պայծառությունն է, որ ամեն ժամ վկայվի գործերով, սիրով ու արդարությամբ միմյանց հանդեպ:

Սիրելիներ, տարեմուտի սեմին մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված եւ հայցենք կարոտյալներին աջակցություն, վշտացյալներին` մխիթարություն, հիվանդներին` ապաքինություն: Հայցենք նոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ մեր ժողովրդին:

Դիմավորենք նոր տարին լավատեսությամբ, մեր հույսերն ու տեսիլքները իրագործելու հավատով: 2010 թվականը նշանակալի դարձնենք ազգային մեր կյանքում` ի սեր մեր օրհնյալ գալիքի: Եվ թող տոնականությամբ սկսվող նոր տարին լինի փառքով լուսազարդ, բարիքով առատ, արդար ու բարի գործերով պայծառ նոր ընթացք մեր կյանքի:

Թող Հայր Աստծո սերը, Քրիստոս մեր Տիրոջ շնորհն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը լինեն մեզ հետ այսօր եւ միշտ. ամեն:

Շնորհավոր նոր տարի: