Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ` սիրելի շրջանավարտներ, դպրոցական շրջանի ավարտման առիթով:

Ուսումնառության տարիներին բարեջան ձեր ուսուցիչներից դուք ստացաք գիտելիքներ` քայլելով իմացության արահետներով: Այսօր դուք կյանքի նոր հանգրվանի սեմին եք, եւ ձեզ հետ են կապված հույսերը ձեր ծնողների, մեր ժողովրդի, մեր հայրենիքի:

Անշեջ պահեք ձեզ փոխանցված գիտության լույսը եւ ավելի զորացրեք ձեր գիտելիքները կրթության նոր ասպարեզներում մնայուն ձեռքբերումներով եւ համամարդկային ու ազգային արժեքների առավել ճանաչողությամբ:

Աղոթում ենք առ Ամենակարողն Աստված, որ պահի ու պահպանի Ձեզ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո եւ պարգեւի երջանկություն, երկնառաք հաջողություններ, որպեսզի հաստատուն ու նախաձեռնող ոգով ընթանաք կյանքի ճանապարհով` միշտ հավատարիմ մնալով մեր Մայր Հայրենիքին եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն:

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ