Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա առիթով

     Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական ուղերձ է հղել աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի մշակներին:

     Հայրապետական շնորհավորագրում մասնավորապես ասվում է.

     «Նոր ուսումնական տարվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցական և ուսանող Մեր զավակներին, մանկավարժներին ու դասախոսներին, ուսումնական հաստատությունների տեսչություններին և կրթության գործի բոլոր նվիրյալներին:

     Ոչ հեռու անցյալում բոլոր երեխաները չէ, որ կարող էին դպրոց հաճախել, մարդկության միայն վերջին հարյուրամյակի ձեռքբերում է համընդհանուր կրթությունը` աստվածահաճո այդ մեծ բարիքը` դառնալով կյանքի բարելավման, մեծ տեղաշարժերի պայմաններից մեկը: Բնական է, որ այսօր պետություններն ու ժողովուրդները մեծ ուշադրություն են դարձնում կրթական բարեփոխումներին, ուսման արդիականացմանը: Ուսյալ և կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականություն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

     Հայրական հորդոր ենք բերում Մեր զավակներին, որ լինեն ջանադիր ուսման մեջ, չթերանան իրենց պատականություններում, որպեսզի ամուր հիմքերով սկզբնավորվի ու հաստատվի իրենց կյանքի ուղին, որն ապագան է մեր Հայրենիքի ու ժողովրդի:

     Մենք աղոթք ենք բարձրացնում, որ Աստված արդյունավորի կրթության զարգացման ծրագրերը, որ այսօր իրականացվում են մեր երկրում, արդյունավորի ջանքերը մանկավարժների` մեր երկրի ու ժողովրդի համար կրթելու ուսյալ, պատասխանատու, հայրենասեր, արդարամիտ ու մարդասեր սերունդ: Հայցում ենք Տիրոջից, որ քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զավակներին, օրհնի նրանց ջանքերը ուսման մեջ և հաստատուն պահի հավատքի ու աստվածային Իր պատգամների կենարար ճանապարհներին: Մաղթում ենք խաղաղընթաց ուսումնական տարի, բարի արդյունքներ ու առատ վաստակ:

     Թող շնորհն Աստծո լինի մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն»: