Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում եւ Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս համայն` Հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով:

Մենք տոնում ենք հաղթանակը ֆաշիզմի եւ բռնության դեմ, տոնում ենք հաղթանակը Շուշիի ազատագրության: Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար աշխարհում մարդկանց ու ազգերի խաղաղ եւ ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է:

Այս հավատով մեր ժողովրդի զավակները` զորավար ու զինվոր, սխրանքի ու փառքի ճանապարհ անցան Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում եւ Շուշիի ազատագրման պայքարում` դրսեւորելով ռազմավարական տաղանդ ու արիություն:

Գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ արժանացրեց մեր ժողովրդին տոնելու Հայրենիքի պաշտպանության եւ հայրենի Արցախ աշխարհի ազատագրության հաղթանակները եւ ապրելու ուրախությունը բազմաթիվ ձեռքբերումների, որոնցով զորանում է այսօր մեր կյանքը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, որոնցով զորանում են նաեւ մեր հույսերը` մարմնավորելու մեր բոլոր նպատակները:

Աղոթում ենք հոգիների համար Երկրորդ աշխարհամարտում եւ Արցախյան ազատամարտում զոհված ռազմիկների եւ բոլոր զոհերի, ովքեր իրենց կյանքով կերտեցին Մայիսի 9-ի հաղթանակները:

Աղոթք ենք բարձրացնում երկինք աշխարհի խաղաղության եւ ժողովուրդների բարօրության համար: Թող Տերը խաղաղ ու ապահով պահպանի մեր Հայրենիքը եւ մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի եւ օրհնի մեր ջանքերը` հանուն մեր բոլոր արդար հույսերի:

Շնորհք եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան. ամէն: