Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 09.05.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով:
     Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով:
     70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին` ուրախությամբ համակելով և լուսավորելով հոգիները նաև մեր ժողովրդի զավակների, ովքեր հերոսական մասնակցություն ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում և հաղթանակի կերտման գործում: Հայրենասիրության նույն անվեհեր ոգով ծնունդ առավ և հաղթանակով պսակվեց նաև Արցախի ազատամարտը` դառնալով հերոսական ու փառապանծ հաղթանակի նոր էջը մեր պատմության:
     Տոնական այս օրը Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղության Իր շնորհների ներքո անվրդով պահպանի հայրենի մեր երկիրը և օրհնի աստվածասեր մեր ժողովրդին` պարգևելով ապահով ու բարօր կյանք:
     Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ: Ամեն: