Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում կրթության ասպարեզի սպասավորներին, ուսանողներին, աշակերտներին` Գիտելիքի, գրի եւ դպրության տոնի եւ ուսումնական նոր տարվա վերաբացման առիթով:

Այսօր ողջույնի խոսքերով, ուրախ սրտերով վերստին բացվում են ուսումնական հաստատությունների դռները: Սկսվում է նոր ուսումնական տարին` նոր տեսիլքներով, երազներով ու հույսերով: Մեր աղոթքն է, որ այն լինի եռանդով եւ ջանասիրությամբ լեցուն ու արգասաբեր:

Գիտության եւ կրթության լույսով պիտի կերտենք մեր երկրի եւ ազգի նոր կյանքը եւ առաջընթացը: Երիտասարդ սերնդի ազգային ոգով կրթությունը եւ հայրենի սրբազան արժեքներով դաստիարակությունն է գրավականը մեր ժողովրդի գոյության հարատեւության:

Սիրելի զավակներ, կրթության ճամփան դժվարին է, բայց օրհնյալ եւ շնորհապարգեւ: Այն երջանիկ ու ստեղծարար կյանքի ուղին պիտի հարթի ձեզ` դեպի ապագայի լուսավոր հորիզոններ:

Բարի ընթացք ձեզ 2007-2008 ուսումնական տարում:

Թող Հիսուսի Քրիստոսի աստվածային ամենառատ սերն ու շնորհները միշտ ձեզ հետ լինեն. ամեն: