Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Մեծարգո Վարչապետ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, սգակիր հարազատներ եւ մերձավորներ հանգուցյալի.

Տաղանդաշատ երգչուհի, մեր ժողովրդի եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ Գոհար Գասպարյանի մահը ցավով է համակել ամենքիս: Խոր վշտով այսօր հրաժեշտ ենք տալիս եւ վերջին հանգրվան` հայ մեծերի Պանթեոն առաջնորդում աշխարհահռչակ մեր մեծ երգչուհուն:

Հայ օպերային երգարվեստը դեպի բարձունքներ առաջնորդած պայծառ ու անկրկնելի մեծություն էր Գոհար Գասպարյանը, որի արվեստը մեր մշակույթի մնայուն արժեքներից է: Իր գեղեցիկ, հզոր ձայնով ու բարձրարվեստ կատարումներով նա ճանաչված էր աշխարհի շատ երկրներում` համարում բերելով նաեւ մեր ժողովրդին: Հայ մշակույթի եւ հայկական ոգու հարազատ կրողն էր Գոհար Գասպարյանը: Հանրահայտ բազմաթիվ բեմերից նրա կատարմամբ դասական երաժշտության արժեքների հետ նույնպիսի ինքնատիպությամբ, քաղցրաձայն հնչել է նաեւ հայ երգը, հայ հոգեւոր երաժշտությունը` գերելով ամենուր ունկնդիրների հոգիները:

Մեծ է հոգելույս Գոհար Գասպարյանի ավանդը նաեւ երգարվեստի ասպարեզում երիտասարդ սերնդի կրթության գործում: Սիրով ու նվիրումով նա իր փորձառությունն ու գիտելիքները, հայրենասեր ու աստվածասեր իր հոգու լույսը փոխանցել է երիտասարդներին` տարիներ շարունակ Երեւանի Կոնսերվատորիայում կրթելով երաժշտական շնորհներն ու ստեղծագործական կարողությունները իր սաների եւ առաջնորդելով նրանց դեպի արվեստի մեծ ճանապարհ:

Սիրված ու մեծարված մեծ երգչուհին ու արվեստագետը հայ երգարվեստի ասպարեզում իր երախտարժան վաստակի, մեր Հայրենիքին եւ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած իր ազնիվ ծառայությանց համար գնահատվել է պետական պարգեւներով եւ մեր Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մաշտոց» պատվո բարձր շքանշանով:

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի Մեր խորին ցավակցությունն ենք բերում լուսահոգի Գոհար Գասպարյանի հարազատներին ու մերձավորներին:

Աղոթում ենք, որ Ողորմած Աստված, երկնային երանական բարձունքներում խաղաղության ու լույսերի մեջ ընդունի հոգին Իր ազնվասիրտ աղախնու եւ մեր ժողովրդի սիրելի զավակի եւ Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն պարգեւի հանգուցյալի հարազատներին եւ սգացյալ բոլոր հոգիներին:

«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. ամէն»: