Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 16.04.2011

Ապրիլի 17-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնախմբում է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է նաեւ որպես մանուկների օրհնության օր: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորական ուղերձ է հղել մանուկներին, որում մասնավորապես ասվում է.

ՙՄեր սիրելի զավակներ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ Մանուկների օրհնության օրվա առիթով, որն առավել պայծառանում է Ծաղկազարդի տոնի հոգեզվարթ խորհրդով£

Ձեզ պես մանուկներ Երուսաղեմում ընդառաջ ելան, ողջունեցին մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին եւ ընդունեցին Նրա օրհնությունը: Այսօր դուք եւս, ձեր ծնողների ուղեկցությամբ ուռենու ճյուղեր առած, ուրախ հոգով գնում եք եկեղեցիներ` ստանալու մեր Տիրոջ օրհնությունը£ Փրկչի օրհնությունը ձեզ վրա է սիրելիներ, ամուր պահեք սերը մեր Սուրբ Եկեղեցու եւ Հայրենիքի հանդեպ եւ ապրեք` հավատալով ու վստահելով Աստծուն, հավատարիմ մնալով Նրա պատվիրաններին:

Մանուկների օրհնությունն իր խորհրդով պիտի զորացնի նաեւ ձեր ծնողաց սրտերում սիրո, զոհողության ու անձնվիրումի ոգին: Այն պիտի առիթ դառնա վերստին արժեւորելու եւ գնահատելու հայրենի ավանդների ու քրիստոնեական արժեքների վրա խարսխված կրթությունն ու դաստիարակությունը, որոնք երաշխիքներն են մեր Հայրենիքի ու ժողովրդի վաղվա լուսավոր եւ պայծառ կյանքի:

Սիրելի զավակներ Մեր, աղոթքով առ Բարին Աստված մաղթում ենք ձեզ երկնառաք պարգեւներով լեցուն, ուրախ ու անվրդով մանկություն: Թող մեր Տեր Հիսուս Քրիստոս պահի ու պահպանի ձեզ եւ ձեր ծնողներին Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո այսօր եւ միշտ: Ամեն՚: