ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ Տ© Տ© ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Զի ծնաւ ձեզ այսօր Փրկիչ« որ է oծեալ
Տէր, ի քաղաքի Դաւթի»
(Ղուկ. Բ 11):
Սիրելի հավատավոր ժողովուրդ հայոց ի Հայրենիս եւ ի Սփյուռս,
Այսօր կրկին խնդություն ու բերկրանք է մեր սրտերում տոնախմբությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության: Մանուկ Հիսուսով Աստծո սերը մարմին առավ ու բնակվեց մարդկանց մեջ: Աստված Իր բյուր շնորհները հեղեց մարդկության վրա, բոլորի համար բացեց ճանապարհը փրկության:
«Այսօր ձեզ համար Դավթի քաղաքում ծնվեց մի Փրկիչ« որ օծյալ Տերն է»: Ուրախաբեր այս լուրը ավելի քան երկու հազար տարիներ առաջ տրվեց Բեթղեհեմի հովիվներին, եւ պայծառ աստղը Բեթղեհեմի երկնքում առաջնորդեց արեւելքի մոգերին, ովքեր ելան Տիրոջը փնտրելու եւ գտան խանձարուրի մեջ պարուրված Մանկանը ու ճանաչեցին, որ Տերն է, Փրկիչն Աշխարհի:
Քրիստոսի Ծնունդը այսօր եւս հրավեր է մեզ, բոլոր մարդկանց ու ժողովուրդներին` մոգերի ու հովիվների նմանությամբ գնալու դեպի Փրկիչը, Մարդասեր ու Բարերար Տերը. «Ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմ. ԼԳ 11): Տիրոջը փնտրել նշանակում է ընթանալ դեպի Աստված, ընդունել Նրա փրկարար կամքը, հետեւել Նրան: Տիրոջը փնտրել նշանակում է հանդիպել, տեսնել Նրան մարդկանց կերակրելիս« բժշկելիս« մխիթարելիս« հույս, հավատ ու կյանք պարգեւելիս, կեղծիքն ու երեսպաշտությունը սաստելիս« մարդկանց խաղաղության« արդարության« ճշմարտության ուղիով առաջնորդելիս: Այս ճանապարհներին Տիրոջը հանդիպողները զորանալու են, նրանց սրտերը խաղաղ, ուրախ ու երջանիկ են լինելու, նրանք չեն տարակուսելու իրենց հավատքում, եւ նրանց «ոչ մի բարիք չի պակասելու»: Աստված Միածին Իր Որդուն ի սեր մարդկանց առաքեց աշխարհ, որով եւ մարդկանց մեծագույն օրինակը մատուցեց միմյանց հանդեպ սիրո, խնամքի եւ հոգածության, ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելու եւ երկնային շնորհները հուսալու: Ճշմարիտ, աստվածօրհնյալ այս կյանքով են ապրել արդարները, մարգարեներն ու առաքյալները, հավատքի համար նահատակները, երանելիներն ու բարեպաշտները եւ որպես փարոս` դարերի մեջ լուսավորել դեպի Աստված մարդկության ուղին:
Արդի դարը, որ բնորոշվում է ավելի նյութապաշտությամբ ու աշխարհիկությամբ, առավել կարիքն ունի հոգեւոր ներուժի, աներկմիտ հավատքի, դարձի` դեպի Քրիստոսապատվեր հոգեւոր-բարոյական արժեքները, որոնցով իմաստավորվում է կյանքը եւ հաստատվում իր նպատակի` դեպի Աստված ընթացքի մեջ: Հարատեւ ու մնայուն են հոգեւոր արժեքները, որոնք լուսավորել ու զորացրել են ժողովուրդների կյանքը, ծաղկեցրել մշակույթները, բարեփոխել հասարակությունները: Այսօր էլ առանց հոգեւորի, առանց Աստծո` ձախողման են դատապարտված սոցիալ-տնտեսական բարեփոխումները, գիտատեխնիկական զարգացումներն ու ձեռքբերումները եւ մարդկային բոլոր ջանքերը` ուղղված կյանքի առաջընթացին: Արդարեւ, խաղաղություն, բարգավաճում, բարօրություն եւ ամեն բարիք մարդկությունը ի զորու պիտի լինի գտնել հոգեւոր-բարոյական նորոգությամբ: «Քանի որ ամեն բարի շնորհ եւ ամեն կատարյալ պարգեւ, - ինչպես Հակոբոս առաքյալն է ուսուցանում,- վերեւից է իջած, լույսի Հորից» (Յակ. Ա 17):
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս, մեր Հայրենիքում եւ ազգային կյանքում էլ ունենք բազմաթիվ խնդիրներ, որ կարող պիտի լինենք վճռել մեր հավատքից բխող շնորհներով` միմյանց հանդեպ սիրո, արդարամտության, նվիրումի ու նախանձախնդրության, հայրենասիրության ու ազգասիրության ոգու զորությամբ: Չերկնչենք դժվարություններից ու նեղություններից, Տերը մեզ համար շատ տխրություններ է ուրախության փոխել, շատ հաղթանակներ մեզ պարգեւել, որոնցով այսօր քաջալեր են մեր հոգիները:
Երկյուղենք մեր պարտքի ու պատասխանատվության մեջ թերանալուց, կեղծիքից ու անարդարությունից, նույնքան նաեւ` անտարբերությունից: Յուրաքանչյուրս` պաշտոնյան իր դիրքում, զինվորականն իր ծառայության, հոգեւորականն իր սպասավորության մեջ, հողագործն ու արտադրողը` իրենց աշխատանքում, ուսուցիչը, գիտնականը, բժիշկն ու արվեստագետը` իրենց կոչման մեջ, լինենք առավել ջանադիր, պատրաստ առավել նվիրումի ու հանձնառության, որպեսզի բարի արգասիքներ ամբարենք եւ Տիրոջ շնորհը առատացնենք մեր կյանքում: Ազգային եւ հոգեւոր զորացյալ կյանքով, ամուր միասնությամբ է, որ պիտի շենացնենք մեր Հայրենիքը, բարօր դարձնենք մեր ժողովրդի կյանքը, պաշտպանենք արդար մեր իրավունքները, աներեր պահենք մեր երկրի կայունությունը, աներեր` գալիքի հանդեպ լավատեսությունը, որ մեր ժողովրդի զավակները չհեռանան Հայրենիքից, այլ` վերադառնան, որ Հայրենիքում եւ Սփյուռքում բազմանան հայ ընտանիքները եւ զավակները` հայոց ընտանիքներում: Դժվարությունները թող արգելք չդառնան, որ հայրենի գյուղերն ու շեները բազմամարդ դառնան եւ ընտանեկան հարկերում մանուկների ճիչն ու խինդն ավելանան: Հարստության, հարմարավետ պայմանների կամ փարթամության մեջ չէ, որ ծնվեց Աստծո Որդին: Մեր Տերը աշխարհ եկավ համեստ ընտանիքում, որն ուներ հույսն Աստծո եւ խոնարհությունը` Աստծո կամքի առաջ: Ամեն մանկան հետ նոր հույս է ծնվում, նոր հեռանկար` մեր ազգի առաջընթացի ու բարգավաճման: Նրանց ձեռքերում է մեր ժողովրդի գալիքը: Նրանք պիտի շարունակեն վերածնված մեր Հայրենիքի ազատ կյանքը, ազգերի մեջ` մեր ժողովրդի ուղին` խաղաղ ու երջանիկ, առ Աստված հույսով լեցուն աշխարհի աննվազ հավատով: Հոգանք, սիրելի ժողովուրդ հայոց, որ մեր զավակները աճեն ու զորանան Աստծո Խոսքով եւ չվտանգվեն` ընկնելով մեր ժողովրդին խորթ եւ օտար, հոգեսպան գաղափարախոսությունների թակարդը: Հաստատենք նրանց առ Քրիստոս հավատքի ու հույսի մեջ, եւ Տիրոջ խոստումով` «կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» նրանց հոգիներում (Յովհ. Է 38), ու մարգարեի խոսքի համաձայն` «նրանք պիտի կոչվեն ազգ արդարության« տունկ` ի փառս Տիրոջ: Պիտի վերաշինեն դարավոր ավերակները« նախկինում ավերվածները պիտի վերաշինեն եւ նորոգեն դարերից ի վեր փլված քաղաքները» (Ես. ԿԱ 3-4):
Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի հոգենորոգ առիթով Քրիստոսավանդ սիրով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին եւ հայոց պետական ավագանուն: Ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին: Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում մեր Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին եւ ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին: Տիրոջ ամենառատ շնորհները մաղթելով` ողջույն ենք հղում Քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:
Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր ավետաբեր հրեշտակի ձայնն է հնչում մեր հոգիներին. «ծնվեց ձեզ Փրկիչ, որ օծյալ Տերն է»: Ելնենք Տիրոջն ընդառաջ` ինչպես մոգերն ու հովիվները, Բեթղեհեմյան մսուր դարձնենք մեր հոգիները` ընդունելու Մանուկ Հիսուսին: Նորածին Փրկչի սնարի առջեւ աղոթք բարձրացնենք, որ երկնային շնորհներով զորանան երկրի վրա խաղաղության, մարդկանց մեջ հաճության ուղիները, եւ մեր կյանքից չպակասի Աստծո ներկայությունը սրտով զգալու եւ հոգով ճանաչելու զորությունը, որպեսզի միշտ ցնծան մեր հոգիները, եւ մեր շուրթերը փառաբանությամբ հնչեցնեն շնորհաբեր բարի լուրը.
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեանն. ամէն: