Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առիթով
Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա տոնական առիթով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդի զավակներին` ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս: Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: Իննսունչորս տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, եւ հայրենի երկնակամարում ծածանվեց հայոց եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման: Գոհություն Երկնավորին, Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականությունը զորացնելու եւ իր լուսավոր ալիքը կառուցելու հույսերում: Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակարող Աստված երկնառաք օրհնության եւ հարատև խաղաղության մեջ պահի Հայրենի մեր երկիրը եւ հավատավոր Մեր զավակներին` պարգևելով կայուն եւ ապահով առաջընթաց: