Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՄԵՐ ՏԻՐՈՋ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
(Սուրբ Էջմիածին, 6 հունվարի, 2012 թ.)


 Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
     

Որ ընդունի զՈրդին, ընդունի և զկեանսն. 
և որ ոչ ընդունի զՈրդին Աստուծոյ, և ոչ զկեանսն ընդունի՚
(Ա Յովհ. Ե 12):

 
 Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս և ի Սփյուռս.

Այսօր մեր հոգիներում և մտահայացքի առջև աշխարհակեցույց ՙմեծ և սքանչելի՚ այն խորհուրդն է, որ ճառագեց երկնքում և երկրի վրա, երբ պայծառ աստղը կանգնեց Բեթղեհեմյան քարայրից վեր և հրեշտակները ավետեցին Փրկիչ Աստվածորդու Սուրբ Ծնունդը` ասելով. ՙԱյսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է՚ (Ղուկ. Բ 11): Ավետարանները պատմում են, թե ինչպես հեռավոր երկրներից եկած իմաստուն մոգեր և մերձակայքում գտնվող հովիվներ փութացին դեպի քարայրը և երկրպագելով խանձարուրով փաթաթված նորածին Մանուկին` ողջունեցին Փրկչի գալուստը աշխարհ:

Սքանչելախորհուրդ Սուրբ Ծննդյան տոնին ամենքս ուխտավոր ենք  Բեթղեհեմի` այցելելով Սուրբ Երկիր կամ մեր հոգին դարձնելով Բեթղեհեմ` մեզ շնորհված հավատքի իմաստությամբ ու զորությամբ երկրպագելու Մանուկ Հիսուսին, Նրան ճանաչելու և ընդունելու իբրև Աստծո Միածին Որդին և ճանապարհը հավիտենական կյանքի, ինչպես գրում է առաքյալը. ՙՈվ ընդունում է Որդուն, ընդունում է նաև կեանքը, և ով չի ընդունում Աստծո Որդուն, չի ընդունում նաև կեանքը՚: Այսօր ՙՀայոց Բեթղեհեմ՚ միածնաէջ այս սուրբ տաճարում և նրա լույսով հաստատված մեր բոլոր եկեղեցիներում մենք, սիրելիներ, և ազգիս զավակունք ցնծությամբ օրհնաբանում ենք ծնունդը մեզ համար աշխարհ եկած Փրկչի և խոստովանում.- Դու ես մեր Տերը: Դու ես մեր Փրկիչը: Դու ես աղբյուրը մեր կյանքի և ճանապարհը հավիտենության: Այս խոստովանությունը լուսավորել և լուսավորում է մարդկության ուղին: Քրիստոսով Աստծո սերը հայտնվեց մարդկանց, Աստվածորդին աշխարհ եկավ վերացնելու մեղքը, փարատելու մահվան խավարը և մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը` ընդունելու համար հավիտենական կյանքը: Քրիստոսով աստվածային սերը տարածվում է ողջ աշխարհի` մարդու և բնության վրա, միշտ բարենորոգելու այն և կյանքով ու խնդությամբ լցնելու: Սակայն աստվածային կամքին հակառակ ընթացքը կյանքը դարձնում է հիմնախնդիրների ու մարտահրավերների կիզակետ: Նայենք արդի աշխարհին. այն ծանրաբեռնված է բազում նեղություններով, զրկանքներով, հակասություններով ու բախումներով: Քրիստոսին և Նրա պատվիրանների մերժումը ծնում է պատերազմներ ու աղետներ, վնասում Երկիր մոլորակը, պատճառ դառնում հոգու և հոգևորի տկարացման, նաև` աստվածաշնորհ կյանքի բռնի ընդհատման, սպանությունների, ինքնասպանության: Մեր օրերի համընդհանուր ճգնաժամը, որ բացատրվում է քաղաքական, տնտեսական, նյութական պատճառներով, հիմնականում նույնպես օտարացման և հեռացման հետևանք է դեպի Աստված տանող լուսավոր ուղուց, մեղսավոր ընթացքով երկնային սիրո պարգևներից հրաժարման: Քրիստոս է կյանքը, Նրա պատվիրանները պահելով Աստծո սերը, ճշմարտությունը, սրբությունը, արդարությունն ու ողորմությունն են իրագործվում աշխարհում, առաջնորդելով այն դեպի բարին ու կատարյալը, դեպի լիակատար կյանք, ինչպես մեր Տիրոջ երկրային կյանքն էր, որը հավատ ու սեր էր Երկնային Հոր հանդեպ և օրհնություն` մարդկանց համար:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատքն ու սերը այն անսասան հիմքն են, որի վրա հաստատուն մնալով պիտի զորանա նաև մեր երկրի ու ժողովրդի կյանքը, լցվի խնդությամբ ու բերկրանքով: Հավատքի և սիրո արգասիքները ազնվության, արդարության, կարեկցության, միմյանց սատարումի և զորակցության բարի գործերն են, որ միշտ ուղեկից են լինելու մեզ, եթե մեր ուղին չխոտորվի Քրիստոսի լուսավոր ճանապարհից: Մեր օրերում, նաև մեր կյանքում հավատաշեն գործերի, աստվածահաճո բազում ձեռնարկների կողքին ցավով կարելի է տեսնել աստվածամերժ ընթացքներ, մեր ժողովրդի քրիստոնեական նկարագրին անհարիր բարքեր, ազգային նվիրական արժեհամակարգի խաթարում, նաև` հոգևորի անտեսումով նյութականի, դրամի գերարժևորում, որը դառնում է գլխավոր նպատակ` փոխանակ լինելու կյանքի արդար ու բարի ընթացքը կազմակերպելու միջոց: Նման դրսևորումները, հաստատապես, պարպում են կյանքը Քրիստոսի կենարար ներկայությունից, զրկում այն հոգևոր ուրախությունից, գթասրտությունից, մարդասիրությունից, ազնիվ ու վեհ զգացմունքներից, տերունաշնորհ փրկությունից: Քրիստոս զգուշացնում է մեզ այդ կործանարար ճանապարհից` ասելով. ՙԻ±նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի՚ (Մարկ. Ը 36): Սիրելիներ, մեր Տիրոջ ցույց տված ճշմարիտ սիրո օրինակով նորոգենք այսօր մեր կյանքը, որը տակավին զերծ չէ կարիքներից ու դժվարություններից, մեր երկրի և ժողովրդի առաջընթացն ու բարօրությունը կասեցնող արտաքին և ներքին հիմնահարցերից: Ներկա կյանքի խնդիրներն ու հրամայականները չեն կարող սասանել մեր կամքը` հաղթահարելու խոչընդոտներն ու արգելքները և միմյանց աջակից` ծառայելու մեր երկրի զորացմանը, ազգային վերելքին և լուսավոր գալիքի կառուցմանը: Մեր կյանքի առաջընթացը լուսառատ նոր հորիզոններ է պարզելու, եթե համազգային ջանքերի մեկտեղումով հանձնառու գտնվենք գործելու հասարակությանը բարիք բերելու, Հայրենիքին, ազգին ծառայելու ձգտումով` զուգակցելով օրինապահությունը սիրո, արդարադատությունը` գթասրտության, հարստությունը` ողորմության, ուժը` աջակցության, կարողությունը` սպասավորության հետ, քանզի ընդունում և դավանում ենք կյանք պարգևող Որդուն: Այսօր մոգերի ու հովիվների օրինակով խոնարհվենք Քրիստոսի առջև, ընդունենք Տիրոջը մեր սրտերի մսուրներում, նորոգվենք մեզ պարգևված փրկության շնորհով և միշտ հիշենք« որ Տիրոջ
ողորմութիւնը սերնդից սերունդ Իր երկիւղածների վրայ է՚ (Ղուկ. Ա 50)

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հոգենորոգ տոնի առիթով Քրիստոսավանդ սիրով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին, սրբազան պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին` մեծազնիվ տիկնոջ հետ և հայոց պետական ավագանուն£ Ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին£ Հայրապետական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում մեր Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին և ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին: Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունում ենք Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին:

Ավետաբեր ու շնորհառատ այս օրը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աղոթենք և հայցենք մեր Փրկչին ասելով.-Տեր, թող Քո Սուրբ Ծննդյան շնորհները լուսավորեն աշխարհը համայն, խաղաղության հրեշտակաձայն ավետիսը հնչի Երկրի բոլոր ծագերում, հաճությունն ու համերաշխությունը ուղեկից լինեն ազգերին ու ժողովուրդներին, և երջանկությունն ու խնդությունը թագավորեն բոլոր ընտանիքներում: Թող Քո Սուրբ Ծննդյան լույսի առջև նահանջեն ատելություն և հակառակություն, հուսաբեկություն, անտարբերություն, դառնություն և տխրություն, և համայն աշխարհը պարուրվի Քո պարգևած սիրով ու հույսով: Քո խնամքի մեջ սիրով, միաբան պահպանիր, Տեր, աշխարհասփյուռ ազգիս հայոց և պարգևիր բարօր ու շեն կյանք, բարգավաճում և հզորություն` Հայաստան և Արցախ մեր երկրին, առավել լույս ու պայծառություն` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, և մենք` Քո խոսքին հավատարիմ, գործերով վկայենք մեր հավատքը` մեր սրտերում միշտ զգալով ուրախությունը կենսապարգև Քո ներկայության և ցնծությամբ ավետելով բարի լուրը Քո Սուրբ Ծննդյան`

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Ձեզ և մեզ մեծ աւետիս