Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ
ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ԱԼԵՔՍԻ Բ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ`
ՈՒՂՂՎԱԾ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՐԲԱԶԱՆ ՍԻՆՈԴԻՆ
Խոր վշտով տեղեկացանք Մեր սիրեցյալ եղբոր, Ալեքսի Բ Պատրիարքի անժամանակ եւ անսպասելի մահվան մասին:
Աստված կանչեց նրան Իր մոտ, բնակեցնելու Իր հոտի քաջ եւ բարի հովիվների կողքին: Մեր սրտերը, սակայն, վշտացած են նրա հետ բաժանումից:
Հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր ժողովրդի, Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Եկեղեցական դասի` Մեր վշտակցությունն ու սրտակցությունն ենք բերում Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սրբազան Սինոդին, ողջ հոգեւոր դասին, Ռուսաստանի Դաշնության պետական այրերին եւ բարեպաշտ ժողովրդին:
Ռուս Եկեղեցին եւ Քրիստոնյա աշխարհը կորցրեցին մեծագործ Հովվապետի, ով երկար տարիներ խոնարհ հոգով նվիրյալ ծառայություն է մատուցել Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությանը:
Հոգելույս Ալեքսի Բ Պատրիարքը հոգու անհուն կորովով եւ իմաստությամբ հովվեց Ռուս Եկեղեցին խորհրդային դժվարին տարիներին: Նա ամեն ջանք գործադրեց Եկեղեցու զորացման եւ զարթոնքի համար, երբ խորհրդային կարգերի փլուզումով հնարավորությունը ստեղծվեց ազատորեն գործելու եւ քարոզելու: Նրա հովվապետությամբ կրկին իր փայլով դրսեւորվեց ռուս ժողովրդի հավատավոր հոգու ուժը` արտահայտվելով նորակառույց եկեղեցիներով, քրիստոնեական ճանաչողության զորացումով եւ Ռուս Եկեղեցու դարավոր ավանդների վերածաղկումով:
Ալեքսի Բ Պատրիարքը իր կարեւոր եւ գնահատելի ներդրումն ունի նոր Ռուսաստանի կերտման, նրա պետականության ամրապնդման եւ խաղաղ ու ազատ կյանքի կառուցման գործում:
Լուսահոգի Պատրիարքը ապրեց ուրախությունն ու մխիթարությունը Ռուս Եկեղեցու վերամիավորման, որն իր բարի արգասիքները պիտի պարգեւի Ռուս Եկեղեցու առավել զորացմանը: Ալեքսի Բ Պատրիարքի ջանքերով Ռուս Եկեղեցին նաեւ իր մեծ ավանդն է բերել միջեկեղեցական եւ միջկրոնական կյանքում, աշխարհում խաղաղության ու ապահովության հաստատմանը: Մենք միշտ երախտագիտությամբ պիտի անդրադառնանք նրա գործադրած միջնորդական ջանքերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հակամաեւտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հոգու մխիթարությամբ ենք անդրադառնում, որ միշտ ջերմ են եղել մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտությունն են գտել նաեւ մեր պաշտոնական փոխայցելություններում եւ մտերմիկ հանդիպումներում: Մենք միշտ քաղցրությամբ պիտի կրենք մեր հոգում այդ հանդիպումների հուշը, նրա անհուն սերը, հայրական խնամքն ու հոգատարությունը Ռուսաստանի Դաշնության օրհնյալ հողում ապրող մեր ժողովրդի զավակների հանդեպ:
Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնային երանական բարձունքներում լույսերի մեջ ընդունի արդար հոգին երանաշնորհ Ալեքսի Պատրիարքի եւ Սուրբ Հոգու մխիթարության շնորհները պարգեւի Ռուս Ուղղափառ Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգեւոր դասին եւ հավատավոր հոտին:
«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի ... Եւ հանգուսցէ զնա Տէր ի լոյս երեսաց աստուածութեան Իւրոյ. Ամէն»: