Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Գիտելիքի Օրվա առիթով կրթության ասպարեզի բարեջան ծառայողներին, նվիրյալ դասախոսներին ու մանկավարժներին, ուսանող եւ աշակերտ մեր սիրեցյալ զավակներին:

Գիտելիքի Օրվա խորհուրդը լուսավոր է եւ ուրախարար, լեցուն կյանքի առաջընթացի հույսով: Այս ձգտումով ու լավատեսությամբ այսօր վերստին բացվում են հարյուրավոր կրթական հաստատությունների դռները` ուսուցանելու եւ կրթելու մեր զավակներին, որոնց պիտի վստահվի մեր ժողովրդի, մեր երկրի ու Հայրենիքի վաղվա օրը: Այն պիտի կերտենք բարօր ու երջանիկ, ծաղկուն` գիտությամբ ու մշակույթով, աստվածասեր հոգու հավատով ու կյանքով, մեր նախնյաց հավերժահայաց ժառանգությամբ:

Առ Աստված աղոթքով մաղթում ենք արգասավոր ուսումնական տարի, հայցում ենք քաջառողջություն, կորով ու եռանդ` դասավանդողներին եւ ուսումնական գործի կազմակերպիչներին, ուսումնասեր հոգի, պայծառ միտք ու աննվազ ջանք` սովորողներին:

Թող Տերը մեր Հիսուս Քրիստոս Իր շնորհի եւ օրհնության ներքո պահպանի ձեզ եւ առաջնորդի ձեր քայլերը, խաղաղ պահի մեր Հայրենիքը եւ համայն ժողովրդին այսօր եւ միշտ. ամեն: