Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Գերաշնորհ Հայրեր.

Հոգու բերկրությամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նշանավոր օր է այսօր բոլորիս համար: Առաջին անգամ Եպիսկոպոսաց ժողով է գումարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ, որը, հավատում ենք, պիտի դառնա նոր հանգրվան մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման ճանապարհին: 
     Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը, որ Եպիսկոպոսաց այս ժողովի գումարումով շնորհն է պարգևում Մեզ եղբայրական ոգով Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և մեր Եկեղեցու եպիսկոպոսաց ողջ դասի հետ քայլելու դեպի եկեղեցական մեր կյանքի զորացման ու պայծառացման հորիզոններ: Ուրախ ենք, որ Եպիսկոպոսաց ժողովն իր ներկայությամբ պատվում է Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյանը` կրկին հավաստելով Հայ Եկեղեցու առաքելությանը սատարելու, մեր Եկեղեցու և հայրենի պետության հարաբերությունները արդյունավորելու գործում իր պատրաստակամությունը: Ողջունում ենք նաև մասնակցությունը ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: 
     Սիրելի հոգևոր հայրեր, այսօր մենք մեկտեղվել ենք հոգևոր-եկեղեցական մեր կյանքի առավել բարեկարգության տեսլականով, որի մարմնավորման համար կարևոր առաքելություն ունի Եպիսկոպոսաց ժողովը` ի մասնավորի ծիսական, կանոնական և դավանաբանական հարցերի ուսումնասիրման և սահմանումների բանաձևման գործում: Եպիսկոպոսը Աստծո տնտեսն է, ասում է սուրբ Պողոս առաքյալը (Տիտ. 1.7), և «խնամ տանի Եկեղեցւոյ, որ է քաղաք Աստուծոյ», հավելում է սուրբ Գրիգոր Տաթևացի մեծ վարդապետը: Այս պատասխանատվությամբ Եպիսկոպոսաց սույն ժողովը պիտի քննարկի և որոշումներ կայացնի Մկրտության ծեսի և սրբադասման կանոնի և այս համատեքստում` Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի վերաբերյալ: Մկրտության ծեսի միօրինակության ապահովման և Սրբադասման կանոնի հաստատման ուղղությամբ հետևողական աշխատանք են իրականացրել Ամենայն Հայոց Հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերը` հանգամանալից կերպով ուսումնասիրելով պատմական հիմքերը, ներկա իրավիճակն ու ժամանակի պահանջները, նաև` հավատացյալ մեր հոտի ակնկալիքները: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Կանոնական, Սրբադասման և Ծիսական հանձնախմբերի ատենապետերին և անդամներին` իրենց նախանձախնդիր աշխատանքի համար: Ժողովը կարևորությամբ անդրադարձ է կատարելու նաև մեր Սուրբ Եկեղեցուն հուզող այլ խնդիրների ու մարտահրավերների: 
     Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինը և հավատացելոց հավաքականությունը լինելով, նաև ժամանակների մեջ գործող կառույց է և իր առաքելության ճանապարհին զգում է բարեկարգման և բարեփոխումների անհրաժեշտությունը: Պատմության մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծված դժվարին կացությունները, աղետները, կոտորածներն ու ցեղասպանությունը, աստվածմերժության խորհրդային տարիները թույլ չեն տվել ըստ անհրաժեշտության զբաղվելու եկեղեցական բարեկարգության հարցերով: Գտնվելով տարբեր պետությունների կազմում` մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռները գործել են հաճախ տարբեր, երբեմն` պարտադրված կանոնակարգերով: Օսմանյան կայսրության տիրապետության ներքո Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունները առաջնորդվել են Ազգային Սահմանադրության դրույթներով, իսկ Ռուսական կայսրության իշխանության ներքո Ամենայն Հայոց Հայրապետությունը` Պոլոժենիայով: Մեր Եկեղեցու կյանքը և վարչական գործունեությունը ներազդվել են այս պայմաններից` տեղի տալով հաճախ տարակարծությունների ու շփոթմունքների: Աննպաստ այսպիսի իրավիճակներում բարեկարգման ծրագրերը, որոնք մեր Եկեղեցու կյանքում օրակարգային են ավելի քան մեկ դար, հետաձգվել են կամ միայն մասամբ կարգավորվել: Խորհրդային իշխանության տարիներին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև ստեղծված լարված հարաբերությունները, որ հանգեցրին պառակտման և վարչական բաժանումի, նույնպես պատճառ հանդիսացան բարեփոխումների գործընթացի հապաղման: Այսօր անկախ է մեր Հայրենիքը, և Եկեղեցին ազատ գործելու և բարեփոխումներ իրականացնելու մեծ հնարավորություններ ունի` հաղթահարելու համար մեր առջև ծառացած համաեկեղեցական հիմնախնդիրները: 
     Գոհություն Աստծո, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին այսօր ի սփյուռս աշխարհի հոգևոր վերազարթոնք է ապրում: Մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքը վերընձյուղվում է, խմորվում Ավետարանի լույսով` ամրորեն խարսխվելով հայրերի հավատքի, սրբազան ավանդության, կրոնական իմացության ու գիտելիքի վրա: Ձեռքբերումներ ունենք հոգևորականների ուսյալ նոր սերնդի պատրասման, եկեղեցաշինության, Ավետարանի քարոզության զորացման, քրիստոնեական կրթության ու դաստիարակության առաքելության մեջ: Այս հաջողություններով հանդերձ մեր առջև հառնած են ներեկեղեցական չլուծված բազում հարցեր, ինչպես նաև` խնդիրներ, որոնք հետևանք են եկեղեցական իրավունքի, մեր Եկեղեցու կանոնական սկզբունքների վրա հիմնված օրենքների ու կանոնադրությունների բացակայության, ինչը շատ անգամ տեղիք է տալիս թյուրըմբռնումների ու կամայականության դրսևորումների` դժվարացնելով ու բարդացնելով ցանկալի առաջընթացը եկեղեցական մեր կյանքի: Մեր Սուրբ Եկեղեցու գործունեությունն ու կյանքը կանոնակարգելու համար անհրաժեշտ պայման է կանոնավորապես գործող դարձնել համաեկեղեցական-ժողովական մարմինները և ստեղծել սահմանադրություն` եկեղեցական կառույցների, Նվիրապետական Աթոռների իրավասությունները, գործունեությունն ու փոխհարաբերությունները սահմանող: 
     Մեր Եկեղեցու կյանքը վերելքի պիտի առաջնորդեն նաև` ծիսա-արարողական ոլորտի բարեփոխումները, հոգևոր-կրթական և քրիստոնեական դաստիարակության ասպարեզներում` ուսուցման արդյունավետ միջոցների ու կերպերի կիրառումը, մեր հայրերի գործերի, ինչպես նաև` արդիական մտածողությամբ մեր Եկեղեցու վարդապետությանը հարազատ աստվածաբանական նոր աշխատությունների հրապարակումը: Ժամանակի հետ մեր Եկեղեցու ընթացքը համաքայլ պահելու և մեր ժողովրդին հստակ կողմնորոշում ապահովելու համար հարկ է մշակել և հաստատել ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարությունների, գլոբալիզացիայի և նրանից ծագող երևույթների վերաբերյալ Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը: Տեղեկացնենք, որ այս նպատակով ամիսներ առաջ Մայր Աթոռում հաստատել ենք առանձին գրասենյակ: Եկեղեցին հուզող խնդիրների և անհրաժեշտությունների շարքում կուզենք հավելել նաև, որ շարունակում են խիստ պահանջ մնալ նոր սերնդի հոգևորականաց պատրաստությունը, եկեղեցիների կառուցումը, մեր հնագույն վանքերի ու եկեղեցիների նորոգությունը և վանական կյանքի կազմակերպումը: Այս ամենի իրագործման համար անհրաժեշտ են ազգիս համատեղ ջանքերը` հավատացյալից, հովվից մինչ հովվապետ: 
Հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու դերը իրապես բացառիկ է մեր ժողովրդի կյանքում, որը վկայված է պատմությամբ և այսօր արդարորեն ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ: Մեր Եկեղեցին ներշաղախ տիրավանդ իր կոչմանը` դարերի բովում առկայծ է պահել մեր ժողովրդի հոգում ազատության սերը, հայրենի պետականության տեսիլքը` հանդիման բազում վտանգների ու նեղությունների: «Վասն հաւատոյ»-ն եղել է նաև «վասն հայրենեաց» ու դարձել խորհուրդը մեր ինքնության և հարատևության: Այս գիտակցությամբ ու ոգով, ինչպես անցյալում, այնպես և այսօր, մեր Եկեղեցին ամեն կարելիությամբ մասնակից է հայրենի պետականաշինության նվիրական գործին: Այսօր բարեփոխման ընթացքների հետ Հայրենիքում տակավին առկա են հոգսեր, դժվարություններ: Հայրենաբնակ մեր ժողովուրդը դեռևս շարունակում է ապրել շրջափակման և փխրուն խաղաղության պայմաններում: Դեռ չեն հաղթահարվել աղքատությունն ու գործազրկությունը, մտահոգիչ է արտագաղթը: Այս հրամայականների առջև պարտքի ու պատասխանատվության մեր բաժինն ունենք` համախմբելու մեր ժողովրդին ու նեցուկ լինելու մեր պետությանը դժվարին խնդիրների լուծման գործում: Եկեղեցական մեր կառույցների առավել կազմակերպմամբ և միասնական աշխատանքով ավելի պիտի զորանա մեր Եկեղեցու գործունեությունը, և կարող պիտի լինենք ի Հայրենիս և ի Սփյուռս լիովին վեր հանել մեր ժողովրդի ներուժը` ի խնդիր մեր երկրի առաջընթացի ու զարգացման, տնտեսական, ընկերային դժվարությունների հաղթահարման և Սփյուռքում բարձրացող հրամայականների դիմագրավման: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ հզոր, ամուր, անխոցելի պիտի լինի մեր Հայրենիքը, առավել պաշտպանված, ինքնավստահ և կենսունակ` հայ Սփյուռքը: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ արգասավոր պիտի լինեն մեր ջանքերը միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և Հայոց Ցեղասպանության դատապարտման, որի 100-ամյա տարելիցի ոգեկոչումը պիտի դարձնենք արդարության և պահանջատիրության զորեղ կոչ ողջ աշխարհին: Հայրենիք-Սփյուռք միասնականությամբ ի զորու պիտի լինենք դիմակայելու մեր ազգին պատուհասող փորձություններին, դժվարություններին ու նեղություններին, ինչպիսիք այսօր ծառացել են մեր ժողովրդի կյանքում Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում: Շարունակվող հակամարտության հետևանքով սիրիահայությունը այսօր էլ կրում է մեծ նեղություններ ու ծանր կորուստներ: Խաղաղության հայցով առ Տերը, կրկին Մեր հորդորն ենք բերում թեմակալ առաջնորդներին` հավատավոր մեր զավակների հետ ամեն կարելիությամբ աջակցել և սատարել սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին` քաջալեր պահելու նրանց ոգին` դժվարությունները հաղթահարելու համար:
     Մեր միասնականության բարի արդյունքներով շեն ու պայծառ պիտի պահենք Սփյուռքի հայ կյանքը, որի խնդիրներին Ձեզանից շատերը քաջատեղյակ են` անձնապես կրելով այդ մտահոգությունները: Այսօր հաճախ ենք խոսում հայ դպրոցի տկարացման, հայոց լեզվի իմացության նահանջի, հոգևոր և ազգային կյանքում երատասարդության ներգրավվածության նվազման մասին, որոնք ահագնացնում են ուծացման ընթացքները: Այսօր, երբ ունենք մեր անկախ պետականության քաջալերող իրականությունը, երբ ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները Սփյուռքում այլևս իբրև հարգված ու վստահելի քաղաքացի` իրենց արդար վաստակով ստեղծել են հոգևոր և ազգային կառույցներ ու հաստատություններ, պիտի ջանանք ազգային-եկեղեցական մեր կյանքը ավելիով դարձնել հարազատ աշխարհ մեր զավակաց համար: Մեր Եկեղեցին առավել արդյունավետությամբ պիտի ծառայեցնի այդ հնարավորությունները մեր ժողովրդին հավատքով, ազգային գիտակցությամբ, մայրենի լեզվի հանդեպ նախանձախնդրությամբ կենսունակ պահելու գործին: Հոգևոր արժեքներով ներշաղախ ազգային կյանքի մեջ մեր ժողովուրդը, մասնավորապես` երիտասարդությունը, պիտի գտնի իր հարցերի պատասխանները, Աստծուն հավատարիմ իր անսայթաք ուղին, իր երջանկությունը և պիտի շարունակի ապրել ազգային ինքնությամբ` իր ուժերը, իր տեսիլքները բազմապատկելով մեր ազատ Հայրենիքից առնվող զորությամբ:
     Քսանմեկերորդ դարը գիտատեխնիկական առաջընթացի ու նվաճումների հետ բերել է նաև բարոյական արժեքների անկում, մարդու իրավունքների ճիշտ ընկալման աղճատում, ազգային ինքնության և ընտանեկան արժեքների խաթարում, որոնցից, ցավոք, զերծ չմնաց նաև ազգային մեր կյանքը, ինչպես Հայրենիքում, այնպես և` Սփյուռքում: Դարի հոգեզուրկ ընթացքներին, աշխարհայնացման, համահարթեցման վտանգներին պիտի կարողանանք դիմագրավել մեր ժողովրդի և հատկապես` երիտասարդության հոգում քաջարթուն պահելով սերը, վստահությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին, նախանձախնդրությունը հանդեպ մեր հայրերի սուրբ հավատքը և ազգային ավանդները: Մեր Եկեղեցին, իբրև Տիրոջ շնորհաց առատաբուխ աղբյուր, պիտի ոռոգի մեր կյանքի անդաստանները, հոգևոր լույսով նորոգի ու պայծառացնի բարեպաշտ հոգին մեր ժողովրդի և հաստատուն պահի արդարության, ճշմարտության, մարդասիրության արժեքների մեջ, որոնցով պիտի բարգավաճեն, բարիով ու բարիքով լցվեն մեր երկիրն ու համայն հայ կյանքը: Մեր առաքելությունը մեկն է` հովվել և առաջնորդել մեր ժողովրդին դեպի փրկություն, պահպանել Աստծո և հայրենյաց սիրո մեջ, որպեսզի ապրենք և հարատևենք իբրև Տիրոջ սեփական և ընտրյալ ժողովուրդ ու Եկեղեցի: 
      Սիրելի հոգևոր հայրեր, ահա եկեղեցական ոլորտում և ազգային կյանքում այն խնդիրները և գործունեության առաջնահերթությունները, որ ցանկացանք առանձնացնել, և որոնց վճռումն ու իրականացումը մեր Եկեղեցին Աստծո օրհնությամբ պիտի առաջնորդեն լիաշունչ և արգասավոր առաքելության: Մեր ժողովուրդը մեզ հետ է Հայ Եկեղեցու հանդեպ իր անխախտ նվիրումով, Եկեղեցին զորացնելու ջերմ զգացումով, և մեր ջանքերը արձագանք պիտի գտնեն հավատցյալ մեր զավակների հոգում` աջակցություն բերելու պատրաստակամությամբ:
     Առ Աստված աղոթքով հայցում ենք Սուրբ Հոգու առաջնորդությունը Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքներին և բերում առաքյալի հորդորը. «Եղբայրներ, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով,... այն խորհեցեք:... Եվ խաղաղության Աստվածը թող լինի ձեզ հետ» (Փիլիպ. 4.8-9): 
     Թող Տերը խաղաղություն պարգևի աշխարհին, պատերազմական դժվարություններ կրող ժողովուրդներին, Իր բարի հայացքի ներքո անխռով պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին, անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` Նվիրապետական Աթոռներով ու սպասավորներով, պարգևելով հոգևոր առաջընթաց ու բարօրություն:
Բարի ընթացք մեր աշխատանքներին: