Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԻՐ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԻ ԵՎ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ 12-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
(4 նոյեմբերի, 2011 թ.)


Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության
Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Գերաշնորհ,Հոգեշնորհ, Արժանապատիվ հայրեր,
Հարգարժան պետական այրեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ,
Մեծարգո բարերարներ, մշակույթի և գիտության գործիչներ,
Սիրելի բարեպաշտ զավակներ մեր Սուրբ Եկեղեցու.

Խորապես զգացված ենք Ձեր ներկայությունից և ուրախ ու քաջալեր սրտով ողջունում ենք Ձեզ, որ Հայաստանի ու Արցախի տարբեր շրջաններից, Սփյուռքի տարբեր գաղթօջախներից համախմբվել եք այս սրահում` մասնակցություն բերելու Մեր ծննդյան 60-ամյակին և գահակալության 12-ամյակին նվիրված հանդիսությանը: Ձեր ներկայությունն այստեղ և Ձեր սերը առ մեր Սուրբ Եկեղեցին առավել պարտավորեցնում են Մեզ և մեր եկեղեցական դասին Հայ Եկեղեցուն ծառայելու առաքելության մեջ, որին Դուք սատար ու աջակից եք Ձեր ամեն կարելիությամբ, Ձեր նվիրումով և հավատավոր հանձնառությամբ: Զգացված ենք Ձեր ջերմ շնորհավորանքներից և բարեմաղթանքներից, մեծարգո Նախագահ Տիար Սերժ Սարգսյան և մեծարգո Նախագահ Տիար Բակո Սահակյան: Ձեր մշտական և ազնիվ ուշադրությունը մեր Եկեղեցու հանդեպ և Ձեր մասնակցությունը այս հանդիսությանը ևս մեկ վկայություն է առ Հայ Եկեղեցին հայրենի պետության նախանձախնդրության և մեր ժողովրդի կյանքում նրա առաքելության ու դերի կարևորման: Եղբայրական Մեր սերն ենք հղում մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին, որ բերկրաշատ այս օրերին Մեր կողքին եղան իրենց ներկայացուցիչներով` փոխանցելով իրենց սրտի ջերմ զգացումները Մեզ:
Եկեղեցական ծառայության անդաստան առաջնորդվեցինք ունենալով Մեր հոգում ջերմ փափագը` բերելու Մեր ջանքերն ու նվիրումը մեր ժողովրդի հոգևոր կյանքին, նրա բարօրությանն ու առաջընթացին և լուսավոր գալիքի հույսերին: Այս ձգտումն առաջնորդեց Մեզ ամենուր, Մեր ամեն պատասխանատվության մեջ` հովվության, առաջնորդության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնում, որին կոչվեցինք կամոքն Աստծո և ընտրությամբ ազգի: Լուսավորչի Գահին բարձրացանք նորոգելով ծառայության Մեր ուխտը մեր ժողովրդի վերածնված ու միասնական կյանքի տեսիլքով: Աստծո օրհնության ու զորակցության հայց ու աղոթքով  խոնարհվեցինք Տիրոջ Իջման Սուրբ Սեղանին, Սուրբ Մաշտոցի նվիրական շիրիմին և Երուսաղեմի տերունական սուրբ տեղյաց: Եղբայրական սիրով այցելեցինք Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին` ամրապնդելով բարի հարաբերությունները մեր Եկեղեցիների, այցելեցինք մեր Եկեղեցու աշխարհասփյուռ թեմեր` մեր ժողովրդին Սուրբ Էջմիածնի օրհնությունը բաշխելով, հավատքի մեջ զորացնելով և հորդոր ու պատգամ բերելով ամուր պահելու հայ ինքնությունն ու հայ կյանքը: Գոտեպնդվեցինք ականատես լինելով Մայր Աթոռի և Հայրենիքի սիրով ապրող մեր ժողովրդի հոգևոր վերարթնությանը և ազգային նորոգված հույսերին: Այսպես` քաջալեր ու հուսադրված սրտով սկսեցինք Մեր ուղին` որպես Հայ Եկեղեցու առաջին սպասավորը:
Որոշիչ և պատասխանատու էինք համարում ժամանակը, երբ մեր եկեղեցական կյանքի հրամայականներն ու անհրաժեշտությունները օրեցօր ավելի զգալի էին դառնում մեր կյանքի արմատապես փոխված և փոփոխվող իրավիճակներում: Վերափոխությունների պայման ու սկիզբ էին Հայրենիքի անկախությունը և Արցախի ազատագրությունը: Հայրենի պետականության վերականգնումով մեր Եկեղեցուն վերադարձվել էր գործելու ազատությունը, հնարավոր էին դարձել Հայրենիք-Սփյուռք անկաշկանդ առնչությունները, ջանքերի համախմբումը աշխարհասփյուռ մեր զավակների` ի խնդիր հայրենանվեր ու եկեղեցաշեն նպատակների ու իղձերի իրագործման: Ազգային մեր կյանքի բարի առավոտը լի էր հույսերով և օր օրի զորացող արգասիքներով: ՙԱհա ժամանակ ընդունելի՚, երբ, ինչպես հավատում էինք, առատորեն պիտի օրհնվեին մեր ժողովրդի ջանքերը:
Ամենայն Հայոց Հայրապետի պատասխանատվությունը ստանձնեցինք մեր Եկեղեցու պայծառությանը կոչված ծրագրեր իրականացնելու և ազգային մեր կյանքում Եկեղեցու առաքելությունը զորեղ ներկայություն դարձնելու տեսլականով, որի  համար անկախ պետականության առաջին տարիներին ջանացին երջանկահիշատակ Մեր նախորդները` Վազգեն Ա և Գարեգին Ա Հայրապետները: Գործունեության որոշակի առաջնահերթություններ կարևորեցինք նպատակ ունենալով լիարժեքորեն կազմակերպված դարձնել եկեղեցական կյանքը, զորացնել քրիստոնեական ճանաչողությունը մեր ժողովրդի, հասակ առնող մեր զավակներին սնել ու կրթել մեր հայրերի սուրբ հավատքով, քրիստոնեական արժեքներով ու հայրենական ավանդներով, արդյունավորել Մայր Աթոռի հայահավաք առաքելությունը մեր Տիրոջ Հիսուսի և հայրենեաց սիրով: Միշտ չէ, որ դյուրին և հարթ էին Մայր Աթոռի եկեղեցաշեն ծրագրերի իրագործման ընթացքները, միշտ չէ, որ առկա էին կամ` լիովին տեսանելի հնարավորությունները: Գոհություն Աստուծո, ունեինք գլխավորը` աջակցությունը մեր ուխտյալ հոգևոր դասի, զորակցությունը հայրենի պետության և հավատավոր մեր ժողովրդի: Անցած տասներկու տարիների ձեռքբերումները, որոնցով այսօր ուրախ ենք, արդյունք են համայն մեր ժողովրդի գիտակցության ու ձգտումի` վերականգնելու հայրենյաց ավանդն ու ժառանգությունը և ապրելու առ Քրիստոս հավատքով, արդարությամբ, իր լուսավոր կյանքի վստահությամբ:
Հավատքի նորոգության, ազգային զարթոնքի և լավատեսության բացառիկ առիթներ և պայծառ վկայություններ եղան քրիստոնեական մեր կյանքի նշանակալի հիշատակների տոնակատարությունները` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակը, 1600-ամյակը Հայոց Գրերի գյուտի և 1000-ամյան` Նարեկի: Մեր ժողովուրդը աղոթքով համախմբվեց նոր կառուցված և վերանորոգված եկեղեցիների օծման, սրբալույս մյուռոնի օրհնության, ազգային և եկեղեցական տոների առիթներով, ցնծությամբ և հպարտությամբ տոնախմբեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, խանդավառությամբ նշանավորեց Հայաստանում և Սփյուռքում մեր պատմական վանքերի և տաճարների, ազգային հաստատությունների տարեդարձերը, մեր մեծերի հոբելյանները և մշակութային հիշարժան իրադարձությունները: Այսօր մեծ ուրախությամբ ենք անդրադառնում, որ առիթներ ունեցանք մեր Եկեղեցու բարձր գնահատանքին արժանացնելու և պարգևներ ու օրհնության գրեր հանձնելու գիտության, կրթության ու մշակույթի բազմաթիվ գործիչների` իրենց ջանքերի ու վաստակի համար, բարեջան բազմաթիվ եկեղեցականների, բարերարների ու նվիրյալ հավատացյալների` մեր Եկեղեցուն մատուցած ծառայությունների համար: Տիրոջ օրհնությամբ ձեռքբերումներ ունենք եկեղեցականների պատրաստության, եկեղեցաշինության, գրահրատարակչության, քրիստոնեական դաստիարակության ու քարոզչության բնագավառներում: Եթեր հեռարձակվեց ՙՇողակաթ՚ հեռուստաալիքը, հանրակրթական դպրոցներում ներառնվեց ՙՀայ Եկեղեցու պատմություն՚ առարկան, նոր սկիզբ տրվեց հոգևոր սպասավորությանը Հայոց բանակում, կալանավայրերում և հիվանդանոցներում: Կյանքի կոչվեցին կարիքավորներին աջակցության սոցիալական ծրագրեր: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ բարեկարգվել ու բարեզարդվում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Նորակառույցներն ու պատմական շենքերի նորոգությունները և ստեղծված առանձին կառույցներն ու բաժինները նպաստում են առավել համակարգված ու արդյունավետ իրականացնելու Մայր Աթոռի գործունեությունը: Այս արդյունքները և ձեռքբերումները հուսալի սկիզբ են, որոնք հիմք ու նախադրյալ պիտի դառնան մեր Եկեղեցու գործունեությունը համարժեք դարձնելու մեր ժողովրդի սպասումներին և ժամանակի պահանջներին:
 Մեզ համար ուրախություն է, որ Մայր Աթոռի գործունեությանը սատար ու նեցուկ է հայրենի իշխանությունը: Սահմանադրական դրույթով ամրագրվել է Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթի զարգացման ու ինքնության պահպանման գործում: Առանձին օրենքով կարգավորված են Եկեղեցի-պետություն հարաբերությունները: Մեր պատմությունը լավագույնս վկայում է, որ պետական և եկեղեցական կյանքի ներշաղախ ու ներդաշնակ ընթացքը օրհնյալ արգասիքներ է պարգևում, որոնցով, հավատում ենք, պիտի զորանան ու պայծառանան նաև ներկան ու գալիքը մեր Հայրենիքի: Հայ Եկեղեցուն բերած զորակցության համար Մեր գնահատանքն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Նախագահ տիար Բակո Սահակյանին և հայրենի մեր երկրի իշխանություններին, ինչպես և` Հայաստանի և Արցախի նախորդ նախագահներին և պետական այրերին:
Այս պահին ափսոսանքով և ցավով վերհիշում ենք նաև նախընթաց տարիների ընթացքում ունեցած կորուստները, Վրաստանում փլուզված հայկական եկեղեցիները, Ադրբեջանի կողմից Ջուղայում  ոչնչացված հազարավոր խաչքարերը: Խոր մտահոգություն են շարունակում մնալ Հայաստանի սահմաններից դուրս եկեղեցական կալվածքների կորուստները, ոտնձգությունները հայկական եկեղեցիների ու սրբատեղիների հանդեպ, որոնց պահպանման ուղղությամբ ի գործ է դրվում ամենայն ջանք, նաև` հայրենի պետության կողմից: Ունեցանք եկեղեցականների ցավալի կորուստներ` ինչպես տարիքով, այնպես և` երիտասարդ, որոնց հիշում ենք աղոթքով և գնահատանքով: Հայրական ափսոսանք և դառնություն ապրեցինք կարգազանցության պատճառով և իրենց ցանկությամբ եկեղեցական ծառայությունը թողած կարգալույծ հոգևորականների համար:
Այսօր, երբ ժամանակ է անդրադարձ կատարելու, հիշում ենք նաև անցած տասնամյակում մեր ժողովրդի կյանքը խռոված իրադարձությունները` ահաբեկչությունը Ազգային ժողովում, նախագահական ընտրությունների, մարտի 1-ի ողբերգական դեպքերի առիթներով հուզումներն ու տագնապները, որոնց առջև մտահոգված`  մեր ժողովրդին կոչեցինք զգաստության, ջանքեր գործադրեցինք, որ չվտանգվի մեր պետականությունը և խաղաղության ու կայունության մեջ հնարավորություն ընձեռվի վճռելու հուզող խնդիրները: Ազգային մեր կյանքը խռովող դժվարությունների, մեր ժողովրդին հուզող ու անհանգստացնող երևույթների դիմաց Եկեղեցին չի եղել երբեք լուռ ու անտարբեր, ինչում հաճախ քննադատվում ու մեղադրվում է` երբեմն անտեղյակությամբ, միամիտ սրտով, երբեմն` դիտավորությամբ ու չարամտությամբ: Եկեղեցին երբեք չի որդեգրել հաճոյական կեցվացք ոչ իշխանությունների, ոչ որևէ շարժումի և քաղաքական կուսակցության նկատմամբ, կամ խոսել և գործել հանրային կարծիքը շահելու սիրույն: Եկեղեցին առաջնորդվել է նախանձախնդիր մնալով համայն մեր ժողովրդի ու պետության շահերին` վեր մնալով հատվածական շահեր արտահայտող դիրքորոշումներից ու հետաքրքրություններից: Հայրենի պետության հանդեպ Հայ Եկեղեցու դիրքորոշումը մեկն է և նույնը բոլոր ժամանակներում` զորակից լինել նրա ամրությանը, հզորությանն ու բարօրությանը, մեր ժողովրդի մեջ խնամել հավատքը, սերն ու միությունը: Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը և այս նպատակին է նաև ծառայում նրա առաքելությունը: Խնդիրներին ու դժվարություններին հանդիման Եկեղեցին Ավետարանի քարոզությունն է բերում, որպեսզի մարդը հոգով նորոգվի և վերափոխվի, քանզի հասարակության հոգևոր և մտավոր առաջընթացն է գլխավոր պայմանը կյանքի բարեփոխման ու զարգացման: Ավետարանը Քրիստոսով մեր փրկության բարի լուրի հետ պատվերն է բերում` ՙհագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու` արդարութեամբ և ճշմարիտ սրբութեամբ՚ (Եփես. 4. 24):
Աստված որքան Մեզ կյանք շնորհի, որքան ուժ և հնարավորություններ պարգևի, պիտի ծառայեցնենք մեր Եկեղեցու պայծառությանը: Ազգային և եկեղեցական մեր կյանքի զորացման և բարեկարգման կարևորագույն պայման է և Մեր գերագույն պարտքը բարի ավարտի հասցնել` մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների հետ գործակցաբար, Հայ Եկեղեցու Սահմանադրության կազմումը, Ազգային-եկեղեցական Ժողովի լիարժեք գործունեության վերականգնումը, աստվածաբանական, ծիսական, բարոյական, սոցիալական, հայեցակարգային հարցերի նկատմամբ Հայ Եկեղեցու դիքորոշման հստակ բանաձևումները, որով ավելիով պիտի արդյունավորվի մեր Եկեղեցու առաքելությունը ազգային կյանքում: Ջանքեր պիտի բերենք այնպիսի հեռանկարների կենսագործմանը, որպիսիք են ծխական համայնքների լիարժեք կազմակերպումը բոլոր կառույցներով, վանական կյանքի վերակոչումը` աղոթական ոգով ու գիտնական վարդապետների գործունեությամբ, հոգևոր կյանքի զորացումը` դրսևորված ոչ միայն բարեպաշտությամբ, այլ նաև` հավատքի գրագիտությամբ: Քրիստոնեությունը սոսկ ավանդույթ չէ, մեր հավատքն է: Ժամանակն է, որ մեր ընդհանուր, բազմակողմանի կրթվածության հետ քաջագետ լինենք նաև քրիստոնեական մեր ճանաչողության մեջ, մեր Եկեղեցու ծեսի ու դավանանքի, պատմության հարցերում: Մեր ժողովուրդը, որ ջերմ սիրով կապված է Հայ Եկեղեցուն, պետք է նաև գիտակ լինի հավատքի սկզբունքներին ու պահանջներին և ապրի ու առաջնորդվի դրանցով: Այս տեսանկյունով են գնահատվում եկեղեցական կյանքում մեր բոլոր ձեռքբերումները և այս նպատակով պիտի շարունակի ուղղորդվել ու ամրապնդվել մեր Եկեղեցու գործունեությունը, որպեսզի հաղթահարենք բաց թողնված ժամանակը և բոլոր առումներով լրացնենք մեր ունեցած կորուստները, վերականգնենք ավերները: Մենք լավատես ենք, որ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսության հետ հարաբերությունների առկա վիճակը պիտի առաջնոդի հաղթահարելու ներեկեղեցական պառակտումը և վերականգնելու կանոնական վիճակը:
Մեր Եկեղեցին պիտի շարունակի իր առաքելությունը մեր Հայրենիքի խաղաղ, ապահով, բարօր ու բարեշեն կյանքի համար: Հայրենիքը հույսի խարիսխն է համայն հայության: Ի սփյուռս աշխարհի մեր ժողովուրդը նայում է Հայրենիքին ինչպես իր գալիքին, որը պատկերացնում է երջանկավետ, հավատքով պայծառ, գիտությամբ ու մշակույթով ծաղկուն, հայրենի տուն և ապավինություն համայն հայոց համար: Վերստին Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ազնիվ ու մեծահոգի բարերար զավակներին մեր ժողովրդի, ովքեր` ի սեր հոգևոր և ազգային մեր կյանքի պայծառության և մեր Հայրենիքի հզորության, հովանավորում են եկեղեցիների, կրթական, մշակութային, բարեսիրական ու ազգային հաստատությունների կառուցումները, հոգում դրանց գործունեությունը, իրականացնում բազմապիսի տնտեսական ու սոցիալական ծրագրեր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Մասնավոր Մեր գնահատանքն ենք բերում Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բարեջան անդամներին` ի գլուխ միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի, Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոնին ու Մանուկյան ընտանիքին և Մայր Աթոռի առաքելությանը աջակից բոլոր բարերարներին, ովքեր որդիական սիրով ու նվիրումով հնարավորություն ընձեռեցին բարեզարդելու մեր հոգևոր նվիրական կենտրոնը, կյանքի կոչելու Մայր Աթոռի ծրագրերը: Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Գերագույն հոգևոր խորհրդի պատվարժան անդամներին, թեմական և ծխական վարչությունների բարեջան անդամներին, մշակույթի և կրթության գործիչներին, ովքեր իրենց նվիրումով արգասավոր են դարձնում գործունեությունը մեր եկեղեցական և ազգային հաստատությունների: Բերկրառատ հոգով և Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին, որ առ Աստված ապավինությամբ, լավատես հոգով, ազնիվ նվիրումով ու արդար աշխատանքով կառուցում է իր լուսավոր ու հավատաշեն գալիքը: Սիրելիներ, այսօրվա Մեր պատգամը ձեզ և մեր ողջ ժողովրդին ի սփյուռս աշխարհի, դարերով հնչած նույն հորդորն է Հայրապետական` մնանք համախումբ մեր Եկեղեցիով ու Հայրենիքով: Մեր ամեն կարելիությամբ զորավիգ լինենք հայրենի պետությանը, ծառայենք մեր ժողովրդի կյանքի առաջընթացին, շենացմանն ու բարգավաճումին:
Աղոթենք և հայցենք, որ մեր կյանքը լինի մշտապես Աստծո ողորմության ու շնորհի ներքո և խաղաղությունը լինի մեր ուղեկիցը ամենուր Հայրենիքում ու Սփյուռքում, և ազգս հայոց ապրի հույսի, հավատի և սիրո երկնահեղ շնորհների ներքո` այսօր և միշտ. ամեն: