Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
Սեղմել այստեղ` ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ դիտելու համար
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 95-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ
(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 24 ապրիլի, 2010 թ.)
«Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա»(Սղմ. Ժ 8):
Սիրելի հավատավոր ժողովուրդ:
Այսօր Հայրենիքում եւ Սփյուռքում մեր եկեղեցիներում սրբազան պատարագի մատուցմամբ, հուշակոթողների մոտ խոնարհումով եւ աղոթքով հիշատակում ենք 95-րդ տարելիցը Հայոց Ցեղասպանության:
Տասնամյակների ընթացքում մեր ժողովուրդը միայնակ է կրել 20-րդ դարի իր մեծագույն ողբերգության խորը վիշտը: Այսօր բյուրավոր մարդիկ մեզ հետ նշում են հիշատակը Ցեղասպանության, որ մարդկության կյանքում բացառվեն այդօրինակ ոճիրները, զորանան խաղաղությունը, արդարությունը եւ երջանկությունը աշխարհում: Տարիներ շարունակ մեր ժողովուրդը միայնակ է հետամուտ եղել արդար իր դատի պաշտպանությանը` մնալով «ամեն կողմից ճնշված, բայց ոչ` ընկճված, կարոտյալ, բայց ոչ` հուսահատ, հալածված, բայց ոչ` լքված» (Բ Կորնթ. Դ 8-9), այլ ապավինած քրիստոնեական իր հավատքին, մարդկության համար խաչված եւ հարություն առած Փրկչին աշխարհի, ուժ եւ զորություն է գտել Հայրենիքում եւ Սփյուռքում նոր կյանքով հառնելու եւ իր իրավունքները պաշտպանելու: Այսօր Հայոց Ցեղասպանությունը ճանաչված է շատ ժողովուրդների, պետությունների, պետական եւ հասարակական կառույցների կողմից` համոզումով, որ խաղաղ ապագայի հույսը արդարության իրագործումն է, որի ճշմարիտ դրսեւորումը երկրային այս կյանքի մեջ մարդկանց եւ ազգերի իրավունքների պաշտպանությունն է: Միածնաէջ այս Սուրբ Տաճարում Աստծո եւ մեր նահատակ բյուրավոր զոհերի հիշատակի առջեւ աղոթք բարձրացնելով, շնորհակալության Մեր խոսքն ենք հղում բոլոր պետություններին, հասարակական կառույցներին եւ անձանց, ովքեր ճանաչում եւ դատապարտում են Հայոց Ցեղասպանությունը եւ այսօր մեր ժողովրդի հետ են իրենց աղոթքներով:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս, այսօր մեր արդար դատը ներկայացնում ենք վերականգնված մեր պետականությամբ եւ աշխարհի բազմաթիվ երկրներում հարգված ու վստահելի, հոգեւոր ու ազգային կյանքով ամուր մեր համայնքներով: Այո', մեր ժողովուրդը կարողացել է ոտքի կանգնել, բայց դեռ ամոքված չէ կրած կորուստների ցավը: Ցեղասպանության զոհեր են սփյուռքահայ տարագիր մեր զավակները, ովքեր տուն, ընտանիք կորցրած, Հայրենիքից զրկված` ապրեցին տարբեր երկրներում իրենց նոր կյանքը կառուցելով զրկանքներով ու բազում դժվարություններով: Ցեղասպանության զոհեր են ստիպողաբար իսլամ ընդունած հայերը եւ նրանց սերունդները, ովքեր վախենում են խոսել իրենց ինքնության մասին: Ցեղասպանության զոհ է Հայոց Եկեղեցին` հարյուրավոր եկեղեցիների ու վանքերի ավերումով, վերածումով մզկիթների, հազարավոր եկեղեցականների կորուստով, մշակութային դարավոր գանձերի մոխրացումով ու ոչնչացմամբ:
Իննեւկես տասնամյակ մեր ժողովուրդը հավատացել եւ հավատում է իր հանդեպ գործված ոճիրի համընդհանուր դատապարտմանը եւ արդարության հաղթանակին: Մեր ժողովրդի ակնկալությունն է տեսնել հաղթանակը արդարության` ի դիմաց իր հանդեպ գործված չարիքի, իր կրած կորուստների, վշտերի ու տառապանքների: Անցած տասնամյակներում աշխարհում էական տեղաշարժեր են կատարվել, ձեւավորված միջազգային օրենքները, քաղաքացիական եւ սոցիալական հասարակություններ կառուցելու ժողովուրդների ձգտումը բարեհույս են դարձնում ընթացքները դեպի ավելի բարօր ու խաղաղ աշխարհ: Բարեփոխված այս աշխարհում առատանում է եւ հույսը մեր, որ համընդհանուր ճանաչում ու դատապարտում պիտի գտնի մեր ժողովրդի հանդեպ գործված Ցեղասպանությունը եւ իսպառ պիտի բացառվեն իրավունքների ոտնահարման, հալածանքով, կեղծիքով հարցերը վճռելու մտածողության դրսեւորումները, որոնցից ծնունդ են առնում միայն չարիք, բախումներ ու ողբերգություններ: Հայաստանը շրջափակված պահելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ ապրելու իրավունքը մերժելը, սպառնալիքով հնչող կոչերը համահունչ չեն տարածաշրջանում կայունության ու ապահովության հաստատման գործընթացներին ու ձգտումներին, չեն նպաստում խաղաղության եւ համագործակցության հեռանկարին: Այսօր ենք կրում պատասխանատվությունը վաղվա օրվա եւ գալիքի համար: Եվ այսօր պիտի հետամուտ լինենք արդարությանը, քանզի արդարությունը բարիքներով է զարդարում մարդկային կյանքը եւ ինչպես սաղմոսերգուն է ասում` «Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սղմ. Ժ 8):
Սիրելի ժողովուրդ հայոց, վերածնված ժողովուրդ, Հայրենիք եւ Սփյուռք միասնությամբ հետեւողականորեն շարունակենք պաշտպանել մեր իրավունքները, վստահությամբ, որ արդարություն պիտի լինի մեր ժողովրդի համար եւ բոլոր պետությունների, նաեւ` Թուրքիայի կողմից պիտի ճանաչվի եւ դատապարտվի Ցեղասպանությունը: Նվիրված մնանք մեր Հայրենիքը շենացնելու, ամենուր մեր ժողովրդի հոգեւոր եւ ազգային կյանքը բարօր դարձնելու, ավելի ու ավելի պայծառացնելու լուսավոր մեր իղձերին ու նպատակներին: Հաստատուն ու աննկուն մնանք խաղաղության Ավետարանի հույսին ու մեր ջանքերը բերենք բռնությունից ազատ, արդար եւ համերաշխ աշխարհի կառուցման ընթացքներին: Հիշատակի այս օրը խունկ եւ աղոթք մատուցենք վերստին, որ Տերը երկնային հավիտենության երանության մեջ պահի հոգիները Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերի: Եվ թող Բարձրյալի օրհնությունը լինի մեր եւ բոլոր ժողովուրդների վրա ու խաղաղության երկնային շնորհները եւ սերը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բաշխվեն աշխարհին այսօր եւ միշտ, եւ հավիտյանս ամեն: