Մրցանակներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ավետիս» ռադիոհաղորդման ունկնդիրներին

Փետրվարի 8-ին, Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը մրցանակներ հանձնեց Մայր Աթոռի «Ավետիս» հոգեւոր ռադիոհաղորդման (Հանրային Ռադիո) շրջանակներում 2007 թ.-ին կազմակերպված մրցույթների հաղթողներին: Մրցույթներին առաջադրված հարցերին պատասխանել եւ մրցանակի էին արժանացել յոթ ունկնդիրներ` Հովհաննիսյան Սարգիսը, Դեմիրճյան Անահիտը, Բարսեղյան Խաթունը, Օհանյան Աննան, Ռաֆայելյան Հասմիկը, Խուդոյան Կարինեն եւ Ազիզյան Զարուհին:

Ողջունելով եւ շնորհավորելով մրցույթի հաղթողներին` Տ. Վահրամ քահանան իր գնահատանքի խոսքն ուղղեց նրանց` հոգեւոր հաղորդաշարերին մշտապես ակտիվ եւ հետեւողական մասնակցության համար: Իր խոսքում Տեր Հայրն անդրադարձավ նաեւ հեռուստա եւ ռադիո եթերներին եւ դրանցում առկա հոգեւոր հաղորդումներին. «Անհերքելի իրողություն է, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ դեր ունեն մարդու կյանքում: Ցավոք, միշտ չէ, որ դրանք իրենց բովանդակությամբ եւ ուղղվածությամբ դրական են ազդում մարդու աշխարհայացքի ձեւավորման վրա: Քիչ չեն եւ դատապարտելի են այնպիսի օրինակները, երբ եթերներում մատուցվում են մեր ազգային նկարագրին անհարիր նյութեր, ուր գովազդվում են բռնությունը, դավաճանությունը, անճաշակությունը, ոտնակոխ են արվում ազգային-հոգեւոր մեր արժեքները: Այս մարտահրավերները դիմագրավելու գործում կարեւոր ենք նկատում հոգեւոր հաղորդումների առկայությունը հեռուստա եւ ռադիո եթերներում: Ուրախալի է արձանագրել, որ Մայր Աթոռի «Ավետիս» ռադիոհաղորդումն իր հաստատուն լսարանն է գտել եւ վայելում է ունկնդիրների համակրանքը»:

Տեր Հայրն իր խոսքում հորդորեց ներկաներին նույն ոգով եւ ջերմեռանդությամբ շարունակել հետեւ ել հոգեւոր հաղորդաշարերին` դրանց միջոցով հաղորդ դառնալով մեր հայրերի սրբազան հավատին ու ժառանգությանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթներին ու անանց արժեքներին:

2000 թվականից «Ավետիս» հոգեւոր ռադիոհաղորդումը անխափան հեռարձակվում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի եւ Հայաստանի Հանրային Ռադիոյի արդյունավետ համագործակցությամբ: