Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքը ժամանեց Հայաստան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-ին պաշտոնական այցով Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը:
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 15-ին:
Օդանավակայանում Ռուսաց պատրիարքին դիմավորեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Կիրիլ Պատրիարքին դիմավորելու էին եկել նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում հավատարմագրված ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Բոժկոն, Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն, Թուրքմենիստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շ. Ջումաեւը, Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ա. Բոզժիգիտովը:
Օդանավի մոտ հովվապետերի եղբայրական ողջագուրումից հետո Պատրիարքին ավանդական աղ ու հաց մատուցեցին Հայորդյաց տան սաները: Ապա երկու եկեղեցապետերն անցնելով պատվո պահակախմբի առջեւով, մոտեցան դիմավորող պատվիրակությանը: Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետորսյանը Ռուս Եկեղեցու պետին ներկայացրեց դիմավորող եկեղեցականներին եւ դեսպաններին:
Օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքին ուղեկցում են Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը, Սերգիեւ-Պասադի արքեպիսկոպոս Թեոգնոստը, Սոլնեչնոգորսկի եպիսկոպոս Սերգիյը, Տ. Ֆիլիպ վարդապետ Ռյաբիխը, Տ. Ալեքսանդր քահանա Վասյուտինը, Վլադիմիր ավագ սարկավագ Նազարկինը, Անտոնի սարկավագ Սեւրյուկը, Մոսկվայի Պատրիարքարանի սինոդային տեղեկատվական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան, Միխայիլ Կուկսովը:
Օդանավակայանից երկու Հայրապետներն իրենց շքախմբերի ուղեկցությամբ մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: